կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Որևէ մեկը չի կարող բացառել, որ յուրաքանչյուր պահի կարող է լինել սահմանային լարվածություն․ Սարգսյան

Որևէ մեկը չի կարող բացառել, որ յուրաքանչյուր պահի կարող է լինել սահմանային լարվածություն․ Սարգսյան

Սահմանային իրավիճակը վերջին ժամանակահատվածում գնահատում եմ ոչ այնքան լարված, սակայն որևէ մեկը չի կարող բացառել, որ յուրաքանչյուր պահի կարող է լինել որոշակի լարվածություն։

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով Վերին Շորժայի ուղղությամբ, նաեւ Արցախում հակառակորդի արձակած կրակոցներին։ Նրա խոսքով՝ այդ կարգի սադրանքներ և միջադեպեր եղել են և կարող են նորից տեղի ունենալ: 

Նա նկատեց, որ որեւէ գաղտնիք չի պահվել հասարակությունից. «Գուցե մի դեպքում մի փոքր ուշ, մեկ այլ դեպքում շատ օպերատիվ, մենք տեղեկատվությունը տրամադրել ենք:  Եթե սահմանին իրավիճակը լարված լիներ, դուք կտեղեկանայիք: Ամեն ինչ մենք հրապարակում ենք, պաշտոնական տեղեկատվությունը տրված է, խորհուրդ կտամ հետեւեք լրահոսին»,-ասաց փոխնախարարը՝ հավելելով. «Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որը կայուն չէ եւ ինձ համար ընկալելի է, որ կարող են լինել կրակոցներ»:

Հարցին, թե ինչպես է գնահատում, երբ մի կողմից խոսվում է խաղաղության դարաշրջանի մասին, մյուս կողմից հկառակորդը կրակում է խաղաղ բնակիչների ուղղությամբ, Արման Սահակյանն արձագանքեց. «Իսկ դուք պատերազմող երկիր տեսե՞լ եք, որ խաղաղության մասին չի խոսում, բոլորն էլ խոսում են: Սակայն ոչ բոլորն են իրական խաղաղություն տենչում: Հայաստանն ուզում է բացել խաղաղության դարաշրջան, ինչի ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են»:

  • Կիսվել: