կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Օրենսդրորեն կամրագրվի աշխարհազորայինների՝ որպես զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտի կարգավիճակը

Օրենսդրորեն կամրագրվի աշխարհազորայինների՝ որպես զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտի կարգավիճակը

Նախագծի ընդունման արդյունքում օրենսդրորեն կամրագրվի աշխարհազորայինների՝ որպես զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտի կարգավիճակը, ինչը հնարավորություն կընձեռի պատշաճ իրավական գնահատական տալու վերջիններիս կողմից թույլ տրված խախտումներին և լուծելու գործնականում առաջացող խնդիրները: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Պատգամավոր Ալխաս Ղազարյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և ««Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է հունվարի 15-ի ՀՀ ԱԺ հերթական նիստում:

Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում կատարել համապատասխան փոփոխություններ՝ հստակ ամրագրելով, որ զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ է հանդիսանում նաև աշխարհազորային համարվող անձը: «Խնդիրն այս պահին արդիական է, քանի որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում քննվում են մի շարք քրեական վարույթներ, որոնք վերաբերում են աշխարհազորայինների մարտական հերթապահությունը կամ մարտական ծառայություն կրելու կանոնը խախտելուն: Գործող օրենսդրությամբ վերջիններս զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ չեն հանդիսանում և այդ փաստով պայմանավորված՝ նրանց նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթները կարճվում են»,- պարզաբանել է օրենսդրական նախաձեռնության հեղինակը:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանը, ներկայացնելով գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը, առաջարկել է կողմ քվեարկել նախաձեռնությանը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը նշել է, որ աշխարհազորի՝ քրեական պատասխանատվության հետ կապված խնդիրն այսօր կա եւ անհապաղ լուծում է պահանջում: Կարևորելով նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը՝ Արա Մկրտչյանը եւս առաջարկել է կողմ քվեարկել օրենսդրական փաթեթին:

 

  • Կիսվել: