կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ո՛չ ՊՆ-ի, ո՛չ ԶՈՒ-ի կողմից «ՈՄԱ»-ին ինժեներական աշխատանքների կատարման թույլտվություն չի տրվել

Ո՛չ ՊՆ-ի, ո՛չ ԶՈՒ-ի կողմից «ՈՄԱ»-ին ինժեներական աշխատանքների կատարման թույլտվություն չի տրվել

ՀՀ պաշտպանության նախարարությունը պատասխանել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցմանը, որը վերաբերում է «ՈՄԱ» հասարակական կազմակերպության կողմից  «Գմբեթ 2»  ամրաշինական կառույցների համար դրահամավաքին ու դրանով, իբր, պաշտպանական 2-րդ գծում հենակետերի կառուցմանը։

Մանուկյանն ասաց, թե ՊՆ-ն հերքել է իր կապը այդ կառույցի հետ։

ՊՆ-ից պատգամավորին պատասխանել են, որ «ՈՄԱ»-ի կողմից ՀՀ պետական բյուջեի միջոցներով «Գմբեթ 2» ծրագիրը ֆինանսավորելու վերաբերյալ դիմում-առաջարկ չի եղել։

Ըստ պատասխանի՝  ԶՈՒ ինժեներական զորքերի վարչություն է դիմել ՀՀ քաղաքացի Տիգրան Շահինյանը՝ մաշված անվադողերի միջոցով կրակակետ պատրաստելու առաջարկով: Կրակակետը փորձարկվել է պայթեցման միջոցով, որի արդյունքում շարքից դուրս է եկել։

Նշվել է նաև, որ ՀԿ-ի կողմից իրականացվող ինժեներական աշխատանքները ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների հետ համաձանեցված չեն։

Գեղամ Մանուկյանն ասաց նաև, որ ՊՆ-ից հայտնել են՝ «ՈՄԱ»-ի կողմից պաշտպանական 2-րդ գծում, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ պատասխանատվության գոտիներում ինժեներական աշխատանքներ չեն կատարվել։

«Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ այս ՀԿ-ն, համագործակցելով ՏԻՄ-երի հետ, կատարել է որոշակի ինժեներական աշխատանքներ», - ասաց Մանուկյանը՝  հավելելով, որ ո՛չ ՊՆ-ի, ո՛չ ԶՈՒ-ի կողմից «ՈՄԱ»-ին ինժեներական աշխատանքների կատարման թույլտվություն չի տրվել։

  • Կիսվել: