երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Նոր պատերազմի մասին չի կարող խոսք լինել, տագնապ հաղորդելու կարիք չկա. փոխնախարար

Նոր պատերազմի մասին չի կարող խոսք լինել, տագնապ հաղորդելու կարիք չկա. փոխնախարար

Ամենօրյա աշխատանքներ են իրականացվում, որպեսզի ավելի ամրապնդված լինի Հայաստանի անվտանգային միջավայրը, անվտանգությունը՝ ավելի երաշխավորված: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:

Փոխնախարարն անդրադարձել է Հայաստանում մարտի 16-20-ն անցկացվելիք զորավարժություններին:

«Յուրաքանչյուր զորավարժություն ունի իր հստակ նպատակը՝ անվտանգության, պաշտպանունակության, ունեցած ռեսուրսների ընդհանուր օգտագործման և այլնի հստակեցումն է: Կարող եմ նշել՝ այս պահին էլ ՀՀ ՊՆ-ն, ԶՈՒ-ն վերահսկում են իրավիճակը: Խուճապային տրամադրություններ ստեղծելու, բանակի մարտունակությունը կասկածի տակ դնելու քայլերը ոչ մի կերպ օգուտ չեն բերում բանակի պաշտպանունակության և մարտունակության կազմակերպմանը»,- նշեց նա:   

Պաշտպանության նախարարի տեղակալի խոսքով՝ այս պահին նոր պատերազմի մասին չի կարող խոսք լինել:

«Եթե նման խնդիր լինի, պետությունն անհապաղ ամեն քայլ կձեռնարկի: Բայց դիտարկելով մեր վերջին 30-ամյա պատմությունը, պետք է ամեն վայրկյան պատրաստ լինել պատերազմի: Բայց այս պահին նման հարց բարձրացնելու անհրաժեշտություն, տագնապ հաղորդելու կարիք չկա»,- հայտարարեց նա:

  • Կիսվել: