երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ադրբեջանի ագրեսիան հետ մղելու ժամանակ Հայկական կողմից վիրավորների թիվը կազմել է 11 հազար

Ադրբեջանի ագրեսիան հետ մղելու ժամանակ Հայկական կողմից վիրավորների թիվը կազմել է 11 հազար

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հոսպիտալներում և հիվանդանոցնում զինծառայողների, ոստիկանների, ԱԱԾ սահմանափահ զորքերի, կամավորների շրջանում եղել է մինչև 11 հազար վիրավոր և հիվանդ։ Մարտի 28-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ, պլանավորման բաժնի պետ, գնդապետ Գեղամ Փաշիկյանը՝ ամփոփելով ռազմաբժշկական վարչության կատարված աշխատանքը պատերազմի ընթացքում։ Գնդապետ Փաշիկյանը ընդգծեց, որ պատերազմի օրերին մեծ ծանրաբերվածությամբ է աշխատել բժշկական անձնակազմը։

«55 տոկոսը ունեցել են թեթև վիրավորվումներ, 35 տոկոսը՝ միջին ծանրության վիրավորումներ, 7 տոկոսը՝ ծանր վիրավորումներ, 2 տոկոսը՝ ծայրահեղ ծանր  վիրավորումներ»,- ասաց Փաշիկյանը։

Մարտական գործողությունների ընթացքում կատարվել է ռեանոմոբիլների 664 չվերթ, վիրավորներին եւ հիվանդներին տարհանելու համար ուղղաթիռի 440 չվերթ, անցկացվել է 5000 վիրաբուժական միջամտություն, այդ թվում՝ ավելի քան 500-ն ընդհանուր անզգայացմամբ:

ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանն իր հերթին նշեց, որ ներկայումս փաստացի բուժում է ստանում շուրջ 1500 զինծառայող, նրանք գտնվում են վերականգնողական արձակուրդում։

«Ներկայումս ունենք 885 արդեն իսկ առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամներ։ Առաջին և երկրորդ կարգի հաշմանդամները օգտվում են զինծառայողների ապահովագրության հիմնադրամի աջակցությունից»,- պարզաբանեց Օհանյանը։

Վարչության պետի տեղակալ Տիգրան Ավետիսյանի խոսքով՝ ներհիվանդանոցային մահացությունը կազմել է 1 տոկոս եւ 5 անգամ ցածր է, քան համարվում է աշխարհում թույլատրելի: «Հոսպիտալները եղել են առաջնագծին հնարավորինս մոտ տեղակայված: Դա վտանգի էր ենթարկում նախ բժիշկներին, սակայն օպերատիվ խորությունը թույլ չէր տալիս հոսպիտալները հեռու պահել»,-նշել է Ավետիսյանը՝ հավելելով, որ այժմ ծառայության պոտենցիալը վերականգնվել է, եւ եթե այն կրկին անհրաժեշտ լինի առաջիկայում, պատրաստ է կատարել բոլոր խնդիրները:

  • Կիսվել: