հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ներկա պահին թշնամու ստորաբաժանումները գտնվում են Ջերմուկ քաղաքից 4,5 կմ հեռավորության վրա. ՀՀ ԳՇ

Ներկա պահին թշնամու ստորաբաժանումները գտնվում են Ջերմուկ քաղաքից 4,5 կմ հեռավորության վրա. ՀՀ ԳՇ

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Ջերմուկ քաղաք, որտեղ կծանոթանան Ադրբեջանի հարձակման հետևանքով քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասներին և տեղում տեղեկություններ կստանան օպերատիվ իրավիճակի վերաբերյալ:

 ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանը դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսել է ադրբեջանական հարձակման պատճառով մեր դիրքային ու տարածքային կորուստների մասին. «Ադրբեջանն իր հարձակողական գործողությունների արդյունքում ունեցել է որոշակի հաջողություններ և մխրճվել ՀՀ ինքնիշխան տարածք՝ 8,5 կմ լայնությամբ ճակատով, մինչև 7,5 կմ խորությամբ։ Ներկա դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ հեռավորության վրա։ Այդ մխրճումները Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացվել են խմբերով, ջոկատներով, և դրանց որոշակի խմբեր, ջոկատներ գտնվում են մեր ստորաբաժանումների հսկողության տակ, նաև շրջափակումների մեջ»։

Նա նաև նշել է, որ Ջերմուկում ադրբեջանցիները գրադ համազարկային միջոցից հարվածներ են հասցրել նաև գազատար խողովակին, ինչի հետևանքով դադարեցված է գազամատակարարումը։ Ջերմուկ քաղաքում հարված է հասցվել նաև ճոպանուղուն. «Ճոպանուղու տարածքում մանկական հրապարակներ կան, քանի որ տարհանում իրականացված չի եղել այդ ժամանակ, ժողովուրդը և տարբեր երկրներից զբոսաշրջիկներ քաղաքում են եղել և գնդակոծվող տեղայնքում»,- նշել է նա։

«Որոշակի խմբեր ու ջոկատներ գտնվում են մեր ստորաբաժանումների անմիջական հսկողության տակ, նաև՝ շրջափակումների մեջ», - ընդգծեց Ասրյանը։

Նշենք, որ Ջերմուկ այցելած դիվանագետների թվում են Հայաստանում Նիդերլանդների, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԵՄ-ի, Չինաստանի, Արգենտինայի դեսպանները, Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը, այլ երկրների  դեսպանատների ներկայացուցիչներ, ռազմական կցորդներ:

  • Կիսվել: