հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Միջադեպն իրապես եղել է, բայց դրա՝ վիդեոյում բացակայող շարունակությունը մեր օգտին է եղել. Իոաննիսյանը՝ հայտնի տեսանյութի մասին

Միջադեպն իրապես եղել է, բայց դրա՝ վիդեոյում բացակայող շարունակությունը մեր օգտին է եղել. Իոաննիսյանը՝ հայտնի տեսանյութի մասին

՛՛Իրազեկ քաղաքացիների միավորում՛՛ ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր համացանցում շրջանառվող այն տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները հարձակվում հայ դիրքապահների վրա:

՛՛Միջադեպն իրապես եղել է, բայց դրա՝ վիդեոյում բացակայող շարունակությունը մեր օգտին է եղել:

Նախ ասեմ, որ միջադեպը, որի մի մասը տեսել եք տարածվող տեսանյուքում, առաջին անգամ իմացա դեռ երկուշաբթի՝ վարդենիսցիներից: Այնուհետև նույն պատմությունը լսեցի Վերին շորժայում ծառայություն իրականացնող տարբեր զինվորներից ու սպաներից: Արդ, տեղեկության իսկության վրա կասկածելու հիմք չունեմ:

Ինչպես գիտեք, երկու կողմից էլ զորքերին արգելվել է առաջինը կրակել: Ադրբեջանական բանակը փորձում է առանց կրակոցի առաջ գալ, մեր բանակը փորձում է առանց կրակոցի դա կասեցնել:

Այդ տարօրինակ պրոցեսի ընթացքում բարձրադիր հատվածներից մեկում ադրբեջանական մի մեծ խումբ «վրա է տվել» մեր զինվորներին, քանակով ոի ուժով խլել զենքերը և ստիպել, որ հեռանան (ինչպես երևում է տեսանյութում):

Ի պատասխան դրա, մեր զորքերը, նույն կերպ, առանց կրակոցի, վրա են տվել ադրբեջանական մի ուրիշ, բայց ավելի մեծ խմբի, խլել զենքերը ու ոչ պակաս ծեծի ենթարկել դիմադրողներին:

Դրանից հետո, հետագա էսկալացիան կանխելու նպատակով, տեղային մակարդակում բանակցություն է եղել, որի ժամանակ փոխանակվել են իրարից խլված զենքերը:

Միջադեպից հետո Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական զորքերի ոգին բավականին ընկել է, քանի որ իրենց արածի արժանի պատասխանը ստացան:

Ես սա չէի գրեի, եթե ինձ հետ չկապնվեին դիրքերից ու վրդովված չասեին «մենք մեր պատիվը պահել ենք, դրանք պատասխանը ստացել են, ինչի՞ են մեր մասին սենց բաներ տարածում»:

Հ.Գ. Երեկ ես իմ աչքով էի տեսնում, թե ինչպես են մեր դիրքերին մոտիկ գտնվող ադրբեջանական զինվորները խուսափում նույնիսկ մեր կողմ նայելուց: Երբ մեր զինվորական մեքենան էր անցնում իրենցից ոչ հեռու, ադրբեջանական զինվորները գնում, մի բլրակի հետևն էին մտնում՝ կարծես վախենային ծեծ ուտելուց՛՛,-նշել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊՆ-ն հաստատել էր տեսանյութի իսկությունը՝ նշելով. ՛՛Դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին՝ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում. ՊՆ-ն՝ տեսանյութի մասին՛՛:

  • Կիսվել: