ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մենք չենք կռվում պարգևների համար, ադրբեջանցիք սարքեցին իրենց գլխին, մեծ կորուստներ տվեցին, պատիժն էլ ստացան․ Դանիել Բալայան

Մենք չենք կռվում պարգևների համար, ադրբեջանցիք սարքեցին իրենց գլխին, մեծ կորուստներ տվեցին, պատիժն էլ ստացան․ Դանիել Բալայան

Բոլոր ուղղություններով մենք ապահովում ենք անօդաչու թռչող սարքերով, ունենք համապատասխան տեխնիկա։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պետ Դանիել Բալայանը։

Նա խոսքով՝ Հայաստանն ու Արցախը բոլոր ուղղություններով ապահովված են թռչող սարքերով։

«Բոլոր ուղղություններով մենք ապահովում ենք, ունենք համապատասխան տեխնիկա, հաշվարկներ, արդեն հինգերորդ տարին է, որ համապատասխան հաշվարկները կան. և՛ տեխնիկան է համալրվում, և՛ մասնագետները», - ասաց Բալայանը։

Նա հայտնեց, որ Տավուշում ԱԹՍ-ներից մեկի խոցումը համալսարանի անցյալ տարվա շրջանավարտներից մեկի շնորհիվ էր.
 

««Elbit Hermes 900»-ը, որ խփեցին Իջևանում, մեր համալսարանի անցյալ տարվա շրջանավարտի հաշվարկն էր, նա է խոցել»։

Հարցին՝ զինվորն այդ քայլի համար պարգևատրվե՞լ է, Բալայանը պատասխանեց.

«Գիտեք, միանգամից մարտի դաշտում չենք պարգևատրում, հետո կլինի վերլուծություն, ամենքն իր արժանին կստանա, բայց մենք չենք կռվում պարգևների համար, ամենամեծ պարգևն այն է, որ ադրբեջանցին մեր հողը չգա։ Կարճ ասեմ՝ երբ որ ես վերլուծեցի այս ամենը, այս կռիվը ադրբեջանցիք սարքեցին իրենց գլխին, մեծ կորուստներ տվեցին ու խայտառակ եղան, համապատասխան պատիժն էլ ստացան», - նշեց գեներալ-մայոր Բալայանը։

Նա ընդգծեց՝ բոլոր ստորաբաժանումները պատրաստ կանգնած են։

«Հիմա ունենք ամեն միջոցները, այսինքն՝ հանկարծակի փորձեն հարվածել, հանկարծակի փորձեն հարձակվեն, իրենց չի հաջողվելու», - ասաց համալսարանի պետը։

Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում, որ հակառակորդն անօդաչուներն այդքան անարգել չկարողանա կիրառել, Բալանը պատասխանեց.

«Հաջորդ քայլն իրենց համար արդեն ավելի դժվար կլինի։ Գիտեք ինչ, ընդհանրապես, գնում է երկկողմանի մրցակցություն, դու մի բան ստեղծում ես, հակառակորդը փորձում է քեզ հակազդել, հակառակորդն է ստեղծում, դու մտածում ես իրենց հակազդել։ Այսինքն՝ ամեն մի գործողությունից հետո համապատասխան եզրակացություններն արվում են, տեղում չենք դոփում»։

  • Կիսվել: