շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մարտական ընկերներն ու հարազատները վերջին հրաժեշտը տվեցին լեգենդար Կոմանդոսին

Մարտական ընկերներն ու հարազատները վերջին հրաժեշտը տվեցին լեգենդար Կոմանդոսին

Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, գեներալ-մայոր Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հիշատակին նվիրված հոգևոր արարողակարգը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վերջին հրաժեշտին մասնակցում էին լեգենդար հրամանատարի մարտական ընկերները, հարազատները և բազմաթիվ քաղաքացիներ:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Մարտական ընկերները հիշում են, որ Կոմանդոսը խիստ չէր, բայց իր հայացքով կամ մի բառով զգաստանում էին բոլորը: Լեգենդար հրամանատարը չէր ներում սուտ խոսողներին, իսկ պարտաճանաչ զինվորին աջակցում էր:

 

«1988 թվականից մինչ օրս Կոմանդոսի կողքին ենք եղել ու կատարել նրա հրամանները։ Կոմանդոսի անունը լսում էին, հարցը լուծվում էր։ Պատերազմի դաշտում նրա հանձնարարությունները զինվորականները սրբորեն և նվիրած էին կատարում»,-  լրագրողների հետ զրույցում ասաց Կոմանդոսի մարտական ընկեր, փոխգնդապետ Մարտին Բաղդասարյանը։ 

Երկրապահ միության նախագահ Սասուն Միքայելյանը նշեց, որ Արկադի Տեր-Թադևոսյանն այն անհատականություններից է, ով մեծ դերակատարություն է ունեցել Հայաստանի նորագույն պատմության մեջ, կարողացել է այդ ժամանակաշրջանում և՛ համախմբել, և՛ իր փորձը՝ որպես կադրային սպա, փոխանցել է ֆիդայական շարժման տղաներին:

«Մեծությունները պետք է գնահատվեն բոլոր իշխանությունների օրոք։ Իրենց գործը պետք է գնահատվի և փոխանցվի ապագա սերնդին, որ ապագա սերունդներն էլ պատկերացում ունենան հերոսների մասին»,- ասաց Միքայելյանը:

ԵԿՄ նախագահի խոսքով՝ Կոմանդոսը Շուշիի կորուստը ծանր է տարել, որովհետև Շուշիի օպերացիան հենց ինքն էր ղեկավարել:

«Կոմանդոսն իր ռազմական գիտելիքներով, գաղափարով կարողացավ հասնել նրան, որ Շուշին ազատագրեցինք, որն ամենաանառիկn էր թվում: Այն վայրը, որտեղ ընկել են մեր տղաները, մեզ համար սրբավայր է։ Մենք պարտավոր ենք միշտ ձգտել և վերադառնալ մեր սրբավայրերը»,- եզրափակեց Միքայելյանը:

  • Կիսվել: