ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մարդասիրական գործոնը սակարկության տեղ չպետք է թողնի. Վլադիմիր Վարդանյան

Մարդասիրական գործոնը սակարկության տեղ չպետք է թողնի. Վլադիմիր Վարդանյան

Երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ վերջին մեկ տարվա ընթացքում ադրբեջանական կողմին է փոխանցվել առաջին պատերազմից անհետ կորած համարվող 108 մարդու մարմին: Առաջիկա օրերին ևս 2 մարմին կփոխանցվի:

Այսօր ԱԺ ճեպազրույցների ընթացքում պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ի պատասխան լրագրողների հարցի, անդրադարձան այդ թեմային:

«Դիակների փոխանակումը շատ կարևոր գործառույթ է, որովհետև ծնողը միշտ ուզում է, որ գոնե զավակի մասունքը հողին հանձնի: Այդ հնարավորությունը եղել է: Պարզվում է, որ դա իրականություն է դարձել մինչ պատերազմը: Հայկական կողմը որոշակի այդպիսի տեղեկատվություն փոխանցել է Ադրբեջանին: Կարծում եմ, որ դա պետք է լինի շարունակական, մինչև զրոյացվեն այդ հնարավորությունները»,- ասաց Քոչարյանը:

Վլադիմիր Վարդանյանն էլ շեշտեց, որ մարդասիրական գործոնը սակարկության տեղ չպետք է թողնի:

«Այսինքն՝ հումանիտար ոլորտում պետությունների համագործակցությունը, հատկապես պատերազմական գործողությունների ավարտից հետո, պետք է լինի ամբողջ ծավալով»,- ասաց Վարդանյանը:

Վարդանյանը տեղեկացրեց, որ իր ջանքերով ԵԽԽՎ ընդունած բանաձևերից մեկում, որը վերաբերում է բռնի անհետացմանը, դրույթ է նախատեսվել, որ այն դեպքերում, երբ զինվորը գերեվարվում է, բայց դեռ չի ստանում ռազմագերու կարգավիճակ, պետք է ամբողջությամբ պաշտպանվի:

«Շարունակելու ենք սրա մասին խոսել բոլոր միջազգային հարթակներից, որովհետև եթե անհետ կորածների պարագայում պարզապես չկա տեղեկատվություն անձի վերաբերյալ, բռնի անհետացման դեպքում կա առերևույթ կասկած, որ այդ անձինք գտնվում են կամ առնվազն գտնվել են այլ կողմի վերահսկողության ներքո, և բռնի անհետացումն ինքնին դիտարկվում է որպես հանցագործություն պետությունների մեծամասնության քրեական իրավազորությունների շրջանակներում»,- ասաց Վարդանյանը:

  • Կիսվել: