հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Լա՛վ, զենք չեն տալիս, մեր երկրում բահ, քլունգ էլ չի եղե՞լ. Սեյրան Օհանյան

Լա՛վ, զենք չեն տալիս, մեր երկրում բահ, քլունգ էլ չի եղե՞լ. Սեյրան Օհանյան

Կարծում եք՝ երբևէ այս իշխանությունները, ՔՊ-ականները ճշմարտությունը կասե՞ն. ցավալի է, երբ 2020 թվականի պատերազմում պարտություն կրեց Հայաստանն ու Արցախը,  բայց բազմակի անգամ ցավալի է, որ այդ պարտությունների շարանը շարունակական է այսօր Հայաստանում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով նրան, որ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից 2020-ից հետո 127 քկմ կորուստ է եղել, իսկ Փաշինյանը խոսում էր 51 քկմ տարածքի մասին։

Նա նշեց, որ «Դիմադրության» շարժումն ուղղված է եղել փորձելու կանխել այդ ամենը, այսինքն Արցախի տարածքների զգալի մասի կորուստներից  հետո նաև հակառակորդի ուժերը բախեցին մեր դարպասները, այսօր փորձում են ներխուժել ՀՀ խորքը։

Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ Հայաստանի ԶՈւ ղեկավարությունը պետք է ճշգրիտ հաշվարկ կատարի և ներկայացնի հանրությանը՝ ինչ տարածքների կորուստ է եղել. «Վերջին բախման ժամանակ Ադրբեջանի կողմից  հանցագործ գործողություններով, սադրանք կազմակերպելով Հայաստանի նկատմամբ, մերոնք խոսում են տարբեր հատվածներում մոտավորապես 50 դիրքի կորստի մասին տարբեր հատվածներում»,- ասաց ընդդիմադիր գործիչը։

Խոսելով պպատճառների մասին՝ նա նշեց, որ, իհարկե, ամենամեծ հանցագործը Ադրբեջանն է, բայց նաև հանցագործություն է, երբ երկու տարի է սեփական երկրի իշխանությունները պետական, ռազմական կառավարման համակարգերում լուրջ որոշումներ չեն ընդունել, չեն կազմակերպել մեր երկրի պաշտպանությունը։

«Խոսում են զենք չմատակարարելու մասին։  Լավ, զենք չի մատակարարվել, բա մեր երկրում բահ, քլունգ չի եղե՞լ։ Մեր երկրում զգալի շինարարակական, ինժեներական ներուժ կա, բավականին լուրջ քանակությամբ կազմակերպություններ, որոնց հետ  կարելի է պայմանագրեր կնքել, ապահովել նրանց աշխատանքը և երկրի պաշտպանությունը կազմակերպել։

Սահմանային բնակավայրերի բնակիչներն իրեք են ասում՝ երկար ժամանակ խնդրում են, որ իրենց ընդգրկեն պաշտպանական կառույցների սարքավորման, խրամատավորման գործում, բայց այս իշխանությունները, չգիտես ինչու, մի մասին ընդգրկում է, մի մասին չի ընդգրկում»,- ասաց Սեյրան Օհանյանը։

  • Կիսվել: