երեքշաբթի, հոկտեմբեր 15
15 / 10 / 2024
Խոնարհվում ենք հանուն մեր երկրի անկախության զոհվածների հիշատակի առաջ և մեր երախտիքի խոսքը հայտնում Հայոց բանակի զինծառայողներին. նախագահ

Խոնարհվում ենք հանուն մեր երկրի անկախության զոհվածների հիշատակի առաջ և մեր երախտիքի խոսքը հայտնում Հայոց բանակի զինծառայողներին. նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի կազմավորման օրվա կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայոց բանակի գեներալներ, սպաներ և զինվորներ, զինծառայողներ և պահեստազորայիններ,

1992 թվականի հունվարի 28-ին Զինված ուժերի կազմավորումն անկախության և ինքնիշխանության համար պայքարում մեր ժողովրդի նվիրական իղձերի բյուրեղացումն էր, որն ապացուցում էր Հայաստանի Հանրապետության լինելիության իրավունքը:

Ավելի քան երեք տասնամյակի ընթացքում Զինված ուժերն անցել են կայացման դժվարին ուղի՝ մեր պետականության կերտման հետ համաքայլ:

Այս ճանապարհին բանակը հաղթահարել է բազմաթիվ փորձություններ, նվաճել հաղթանակներ և ճաշակել կորուստների դառնություն: Բայց այս ամենի հանրագումարում մեր բանակը եղել և մնում է մեր պետության, հայրենիքի ու քաղաքացիների անվտանգության ու պաշտպանության ամենագլխավոր և ամենավստահելի երաշխավորը:

Այսօր մենք տոնելով բանակի կազմավորման 32-րդ տարեդարձը, խոնարհվում ենք հանուն մեր երկրի անկախության ու անվտանգության զոհվածների հիշատակի առաջ և միաժամանակ մեր երախտիքի խոսքն ու շնորհակալությունն ենք հայտնում Հայոց բանակի զինծառայողներին, որոնք անկախ եղանակային կամ որևէ այլ պայմաններից, անձնվիրաբար հսկում են մեր երկրի սահմանների անդորրն ու մեր քաղաքացիների անվտանգությունը:

Սիրելի ժողովուրդ,

Շնորհավորում եմ բոլորիս բանակի կազմավորման օրվա կապակցությամբ և մաղթում ոգու ամրություն, ուժ ու կորով մեր բոլոր զինծառայողներին՝ հանուն Հայաստանի Հանրապետության խաղաղության և հզորացման»:

 

  • Կիսվել: