հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կատակեցի՝ Ալիսա, չաղացել ես, ասաց՝ բանակում մեզ ընտիր նայում են. պատգամավոր Ալխաս Ղազարյանը՝ զոհված զարմուհու մասին

Կատակեցի՝ Ալիսա, չաղացել ես, ասաց՝ բանակում մեզ ընտիր նայում են. պատգամավոր Ալխաս Ղազարյանը՝ զոհված զարմուհու մասին

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով զոհված 42-ամյա Ալիսա Մելքոնյանն Ապրիլյան պատերազմում զոհված Գագիկ Մելքոնյանի քույրն է։ Նա պայմանագրային զինծառայող էր: Ալիսան երեխաներ չունի, ամուսնացած չէր:

Զոհված կին զինվորականը ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի հորաքրոջ աղջիկն է: Պատգամավորը «Հայկական ժամանակի» հետ զրույցում որոշ մանրամասներ է ներկայացրել նրա մասին:

Ալիսան Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղից էր, ծառայության էր անցել 2016 թվականին՝ եղբոր՝ Գագիկ Մելքոնյանի զոհվելուց հետո։ Հիշեցնենք՝ Գագիկ Մելքոնյանը զոհվել է Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Թալիշում։ Գագիկը մարտական ընկերներին փրկելու համար իր վրա էր ընդունել թշնամու հարվածները՝ միայնակ կանգնելով հակառակորդի դիմաց:

Ալիսան ու Գագիկը ունեն եւս մեկ եղբայր, որը հաշմանդամություն ունի:

Պատգամավորի խոսքով՝ զարմուհին անվախ էր շատ, 44-օրյա պատերազմի ժամանակ ամբողջ ընթացքում մարական դիրքերում է եղել: «Չնայած հետո, երբ արդեն վերադարձել էր, չէր կարողանում քայլել 3 ամիս, բայց վերականգնվել ու նորից վերադարձել էր դիրքեր: Մի բան կասեմ՝ անձնվիրաբար հայրենիքի համար կռվել է»,- նկատում է Ղազարյանը:

Ասում է, որ Ալիսային վերջին անգամ հանդիպել էր օգոստոսի 21-ին, խոսել էին. «Շատ հպարտ էր, ուրախ, որ բանակում զգալի դրական բարեփոխումներ են: Հումորով ասացի՝ Ալիսա, շատ ես չաղացել, քանի որ ինքը միշտ շատ նիհար էր, ասաց՝ բանակում ընտիր են մեզ նայում»:

Ալխաս Ղազարյանը սահմանային իրադրության լարման լուրը լսելու օրը՝ ժամեր անց՝ 00:35-ին է գրել զարմուհուն, որ իմանա որպիսությունը, բայց այդպես էլ չի կարողացել հետը կապ հաստատել. «Որպեսզի հանկարծ որեւէ վնաս չտամ, ուղղակի գրեցի՝ Ալիսա, տեսա՝ չկա պատասխան, 00:59-ին զանգեցի, չնայած էլի վախեցա, որ կվնասեմ, անհասանելի էր: Գիշերը 03:26 հեռախոսիս նամակ եկավ, որ բաժանորդը արդեն հասանելի է: Հետո իմացա, որ տուն էր զանգել, ասել, որ կռվի մեջ է, բայց լավ է, այլ բան չի ասել: Դրանից հետո հեռախոսին զանգել է եղբայրը, պատասխան չէր եղել»:

Հիշեցնենք՝ նախորդ տարի նոյեմբերին «Հայկական ժամանակը» հարցազրույց էր արել Ալիսա Մելքոնյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում հայտնել էր՝ եղբոր շիրիմին խոստացել է, որ պետք է շարունակի նրա փոխարեն ծառայությունը՝ կրի զինվորականի համազգեստ: Կին զինվորականը նկատել էր, որ քաջությունը գալիս է մանկուց, դրա համար էլ իրեն կնքել են «Առյուծիկ» մականվամբ: Ալիսան ասում էր՝ զինվորական դառնալը մեծ փոփոխություն է մտցրել իր կյանքում: Հպարտորեն նշում էր, որ տղամարդ զինվորականները, նորակոչիկներն իրեն շատ հաճախ ասում են՝ քո քաջությանը նայելով՝ մենք էլ ենք քաջալերվում:

 

 

  • Կիսվել: