երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Կարմիր խաչը պատրաստ է աջակցել զոհվածների աճյունների որոնման հարցում

Կարմիր խաչը պատրաստ է աջակցել զոհվածների աճյունների որոնման հարցում

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին 2022 թ. սեպտեմբերի 13-ից ռազմական գործողությունների սրացման և հարակից հումանիտար հետևանքների առնչությամբ։ Ռազմական գործողությունները վտանգում են սահմանամերձ շրջանների բնակչության կյանքն ու անվտանգությունը՝ խաթարելով կենսական ենթակառուցվածքներին հասանելիությունը։

«Ռազմական գործողություններ վարելիս անհրաժեշտ է մշտապես ձեռնարկել նախազգուշական բոլոր հնարավոր միջոցները՝ Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանման ուղղությամբ։ Դա Ժնևի կոնվենցիաները ստորագրած բոլոր կողմերի պարտավորությունն է», – ասել է ԿԽՄԿ գործառնությունների գծով ղեկավար Մարտին Շյուպը։

«Մենք վերահաստատում ենք ռազմական գործողությունների հետևանքով տուժած անձանց աջակցելու մեր հանձնառությունը։ Միևնույն ժամանակ պատրաստ ենք հանդես գալու որպես չեզոք միջնորդ, մասնավորապես՝ այցելել ազատազրկված անձանց, եթե այդպիսիք կան, իսկ կողմերի փոխհամաձայնության և ցանկության դեպքում՝ նաև նպաստել նրանց հայրենադարձմանը։ Բացի այդ, պատրաստ ենք մեր աջակցությունը ցուցաբերել ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների աճյունների որոնման և դուրսբերման հարցում»,- նշել է նա։

ԿԽՄԿ-ն հիշեցնում է կողմերին քաղաքացիական և ռազմական գործողություններին մասնակցող անձանց տարբերակման անհրաժեշտության մասին։ Կողմերը պետք է անեն ամեն հնարավորը՝ խնայելու քաղաքացիական ենթակառուցվածքներն, այդ թվում՝ առողջապահական հաստատությունները և բուժանձնակազմը։ ԿԽՄԿ-ն նաև գնահատում է առկա հումանիտար իրավիճակը՝ տուժած բնակչության հրատապ կարիքներին արագ արձագանքելու նպատակով։

Սեպտեմբերի 13-ի վաղ առավոտյան իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին կտրուկ սրվել է ։ ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել Հայաստանի հետ սահմանի միանգամից մի քանի հատվածներում: Կան զոհեր և վիրավորներ հայ զինծառայողների և խաղաղ բնակիչների շրջանում։ Հայաստանի վարչապետ Փաշինյանը, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտնել է հայկական կողմից առնվազն 49 զոհի մասին:

Երեւանը քննարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների հետ սահմանին տիրող իրավիճակը: Հայաստանի իշխանությունները որոշել են դիմել Ռուսաստանի Դաշնությանը, ՀԱՊԿ-ին եւ ՄԱԿ-ի ԱԽ-ին։

  • Կիսվել: