ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կան վարձկան հաքերային թիմեր, որոնք Հայաստանում գործում են խոշոր տնտեսվարողների կողմից. Փորձագետը թվարկել է՝ ովքեր կարող են կոտրել ֆեյսբուքյան հաշիվները

Կան վարձկան հաքերային թիմեր, որոնք Հայաստանում գործում են խոշոր տնտեսվարողների կողմից. Փորձագետը թվարկել է՝ ովքեր կարող են կոտրել ֆեյսբուքյան հաշիվները

Վերջին օրերին Հայաստանում մի քանի լրագրողներ պարզել են, որ իրենց ֆեյսբուքյան օգտահաշիվներ ապօրինի մուտք է եղել: Ամեն ինչ սկսեց այն ժամանակ, երբ «Antifake.am», «Politik.am» լրատվամիջոցների ներկայացուցիչները հայտարարեցին, որ իրենց ֆեյսբուքյան հաշիվ փորձել են ապօրինի մուտք գործել ու դրանում մեղադրեցին գործող իշխանություններին:
Ֆեյսբուքյան օգտահաշիվներ մուտք գործելու մասին այս հայտարարություններից հետո Հանրային հեռուստաընկերության լրագրող Մկրտիչ Կարապետյանն ինքն էլ ստուգել էր ու պարզել, որ իր ֆեյսբուքյան հաշիվ ևս օտարների կողմից մուտք է եղել:


««Antifake.am»-ի խմբագրի հրապարակած սքրինշոթերից դատելով՝ նրա հեռախոսային սիմ քարտը կլոնավորել են, ինչը նշանակում է, որ ստեղծվում է նույն քարտը, նույն հեռախոսահամարով և ինքը ստանում է ֆեյսբուք մուտքի վերականգնման կոդը իր վրա», -InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում խնդիրը ներկայացրեց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:


Նա հիշեց, որ 2018-ին նման մի քանի դեպք եղել է Հայաստանում, տուժածը խնդիրը ներկայացրել էր իրավապահներին, սակայն այդպես էլ պարզ չի եղել, թե ինչպես է դա կատարվել:
Փորձագետի ներկայացմամբ, SMS հաղորդագրությունը մեկ այլ անձի կողմից ստանալը կարող է նշանակել մի քանի բան՝ հնարավոր է՝ պրովայդերի ներսում կա խնդիր, հնարավոր է՝ հատուկ ծառայություններն են միջամտել կամ էլ խորը հաքերային հարձակում է կատարվել:
«Նման դեպքերը շատ մտահոգիչ են: Եթե էդպիսի գործողություն է իրականացվել, ուրեմն վտանգը միջինից բարձր է», -նկատեց Մարտիրոսյանը:
Անդրադառնալով «Politik.am»-ի խմբագիր Բորիս Մուրազիի օգտահաշվի վերաբերյալ հայտարարությանը, փորձագետն ասաց, որ դա իրենից լուրջ խնդիր չի ներկայացնում:
Ինչ վերաբերում է Մկրտիչ Կարապետյանի հետ կատարվածին, Մարտիրոսյանն ասաց. «Մկրտիչ Կարապետյանի հետ կատարվածը շատ լուրջ է. հանգիստ մտել են, լուռ նստել են, այսինքն՝ կարողացել են երկար ժամանակ հետևել, ընթերցել նամակները և այլն: Մկրտիչը այս աղմուկից հետո ստուգել է, տեսել է, որ իր հաշիվն էլ է կոտրած, բայց մինչև հիմա ինքն այդ մասին չի իմացել»:

Դիտարկմանը, թե ֆեյսբուքյան հաշիվները կոտրելու մեջ հիմնականում մեղադրում են Ազգային անվտանգության ծառայությանը, Մարտիրոսյանը արձագանքեց. «Հայաստանը շատ սպեցիֆիկ տիրույթ է հիմա: Այստեղ գործում են մի շարք լուրջ դերակատարներ, որոնք պոտենցիալ կասկածյալներ են՝ դրանք իրավապահներն են, այդ թվում՝ ԱԱԾ-ն, բացի այդ գործում են վարձկան հաքերային թիմեր, որոնք սպասարկում են ոչ թե քաղաքական, այլ տնտեսական շահեր, ուղղորդվում են խոշոր տնտեսվարողների, օլիգարխների կողմից: Եղել են նման դեպքեր, արձանագրվել են, բայց չեն հանրայնացվել, չեմ կարող անուններ տալ, բայց կարող եմ ասել, որ այլ երկրների հաքերային խումբ է վարձվել, որն իրականացրել է հարձակում, շատ լուրջ հարձակում ակտիվիստների և կոնկրետ խմբերի նկատմամբ:

Մյուս խումբը երրորդ երկրների՝ հիմնականում Ադրբեջանից, Թուրքիայից, հաքերային խմբերն են, որոնք մեր երկրում ակտիվություն տարբեր տարիներին ունեցել են: Ռուսաստանյան պետական հաքերային խմբերը ևս այստեղ ակտիվանում են: Եվ վերջապես մյուս խումբը նախկին ԱԱԾ-ականներն են, քանի որ հիմա մեր երկրում շատ տարօրինակ քաղաքական իրավիճակ է ու չի բացառվում, որ նրանք էլ հաշիվներ կոտրեն: Այսինքն՝ հիմա մեր երկրում խմբերը շատ են, որոնք կարող են իրականացնել նման գործողություններ: Սակայն նման դեպքերում հիմնականում առաջին կասկածյալը իշխանություններն են»:

Մասնագետը նաև ասաց, որ իրենք փոքր խմբում պատրաստել են ուղեցույց , որի օգնությամբ քաղաքացիները կարող են պարզել՝ ինչպես ամուր պահպանել ֆեյսբուքյան օգտահաշիվը:

  • Կիսվել: