ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ինչպե՞ս բարձրացնել զինծառայության հեղինակությունը․ Դիսոնանս՝ բանակի հեղինակության և զինծառայության հեղինակության միջև. aravot.am

Ինչպե՞ս բարձրացնել զինծառայության հեղինակությունը․ Դիսոնանս՝ բանակի հեղինակության և զինծառայության հեղինակության միջև. aravot.am

Պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող հանձնախմբի անդրանիկ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բանակն ու զինված ուժերն անառարկելի հեղինակություն ունեն, բայց միևնույն ժամանակ զինծառայության հեղինակությունը չի համապատասխանում հայկական բանակի հեղինակությանը: Հատկանշական է, որ վարչապետը արձանագրում է այս իրողությունը, սակայն նախևառաջ  անհրաժեշտ է հասկանալ խնդրի էությունը, հիմնվել հետազոտությունների վրա և առաջնորդվել գիտելիքահեն սկզբունքով. գրում է aravot.am-ը:

Բանակի և զինծառայության հեղինակությունը գնահատելու և բարելավելու համար անհրաժեշտ են համապատասխան մասնագիտական ուսումնասիրություններ, դրանց հիման վրա մշակված ռազմավարություններ և ամենակարևորը՝ արդյունավետ և հետևողական իրագործում, քանզի բազմաթիվ հանձնաժողովներ են կազմվել ու թղթեր են սևացվել, սակայն իրավիճակը նույնն է մնացել, իսկ որոշ դեպքերում նույնիսկ վատթարացել է։

Հայկական բանակը բարձր հեղինակություն ունի։

Ըստ տարեսկզբին «Բրեվիս» ընկերության կողմից հրապարակված սոցիոլոգիական հետազոտության արդյունքների ՀՀ քաղաքացիների 89.4%-ը պետական և հասարակական կառույցներից ամենաշատը վստահում է հայկական բանակին: 2019 թվականի աշնանը Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից կատարված հետազոտությունների արդյունքներով` բանակի նկատմամբ հայ հասարակության վստահության ցուցանիշը 91 % է:

Ընդ որում, բանակի ինստիտուտի նկատմամբ որոշակի վստահությունը բնորոշ է նաև այլ հասարակություններին: Pew Research Center-ը կատարել է հասարակական-պետական ինստիտուտների ուսումնասիրություն, ըստ որի Ֆրանսիայում զինված ուժերին վստահում են հարցվածների` 84 %-ը, Գերմանիայում` 70 %-ը, Իսպանիայում` 66 %-ը, ԱՄՆ-ում՝ 80 %-ը:

Ըստ ՀՀ ՊՆ «Դիտակետ» սոցիոլոգիական հետազոտության տվյալների հայկական բանակում զինծառայողների ճնշող մեծամասնությունը (84.8%) զորակոչվելու ժամանակ դրական էր տրամադրված ծառայության հանդեպ[1]։ Զինծառայության հեղինակությունը բավականին մտահոգիչ է։ Բանակի՝ որպես սոցիալական ինստիտուտի նկատմամբ առկա դրական վերաբերմունքի ֆոնին փոքր-ինչ մտահոգիչ է այն, որ ընտրության հնարավորության դեպքում հարցվածների միայն 35.7%-ն է ցանկացել, որ իր բանակային տարիքի հարազատը գնա բանակ՝ ժամկետային զինծառայության։ Բանակում հարազատի ծառայելու զինծառայողների ավելի քիչ ցանկության հետ կապված այս մտահոգիչ ցուցանիշը բացատրվում է պարտադիր զինծառայություն երկամյա ժամկետով, պարտականություններով պայմանավորված սահմանափակումներով, ծանրաբեռնված առօրյայով ու հարմարավետության գոտում չլինելով։ Զինծառայության անցնելու վերաբերյալ հասարակության շրջանում միջանձնային շփումներում  առկա են խնդրահարույց կարծրատիպային պատկերացումներ, ինչպես օրինակ՝ «2 տարվա կորուստ է», «Ես ինչի՞ պիտի գնամ ծառայեմ, թող մյուսները գնան», «եթե հնարավորություն կա չծառայելու, ինչո՞ւ ծառայեմ» և այլն։ Հարկ է նշել, որ բանակի նկատմամբ բարձր վստահությանը զուգահեռ պարտադիր զինվորական ծառայությունից որոշակիորեն խուսափելու միտումը բնորոշ է նաև այլ երկրներին, օրինակ ըստ Ռուսաստանում արված հարցումների երիտասարդների միայն 24 %-ն է ցանկություն հայտնում մեկնել զինծառայության։

Ինչպե՞ս բարձրացնել զինծառայության հեղինակությունը։

Առկա ռազմաքաղաքական իրադրությունն ու մարդկային, ֆինանսատնտեսական ռեսուրսների սղությունը ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը թելադրում է առանձնահատուկ ուշադրություն հատկացնել զինծառայության հեղինակության ապահովման հիմնախնդիրներին։ Հաշվի առնելով հասարակական համակարգում բանակի ունեցած դերն և նշանակությունը, չափազանց կարևոր է բանակի իմիջն ու զինծառայության գրավչությունը։

Այսպիսով, զինվորական ծառայությունը գրավիչ դարձնելու համար անհրաժեշտ է.

1. Բարձրացնել զինծառայության մեկնելու շահագրգռվածությունը (մոտիվացիան), ներդնելով օգտակար գիտելիք և հմտություններ ձեռք բերելու հնարավորություններն այնպես, որ երիտասարդն օգտակար համարի զինծառայությունը, օրինակ՝ եթե զորացրվելիս տիրապետի որևէ օտար լեզվի, արհեստի, ծրագրավորման լեզվի և այլն։

2. Բարելավել առօրյա զինծառայության կազմակերպման, կարգապահության պահպանման ու վերահսկողության իրականացման կարգն ու մոտեցումները, վերացնել սոցիալական անարդարության մթնոլորտը։

3. Բարելավել զինվորական կոլեկտիվների առողջ մթնոլորտը՝ առավելագույնս ապահովելով զինծառայողների ֆիզիկական և հոգեբանական անվտանգությունը, ամբողջական վերահսկողության միջոցով բացառել ճնշումները, որոնք հնարավոր է վնաս հասցնեն զինվորների արժանապատվությանը։

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

  • Կիսվել: