ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ինչ օժանդակություն են ստացել զինծառայողները հակաճգնաժամային 9-րդ ծրագրով․ ՊՆ-ի պարզաբանումը

Ինչ օժանդակություն են ստացել զինծառայողները հակաճգնաժամային 9-րդ ծրագրով․ ՊՆ-ի պարզաբանումը

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը պարզաբանում է ներկայացրել 9-րդ ծրագրով զինծառայողներին տրված օժանդակության մասին:

«Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ ծրագրի շրջանակում միանվագ՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 500 ՀՀ դրամ գումարի չափով, օժանդակություն է տրամադրվել 0-18 տարեկան երեխա ունեցող այն ընտանիքներին, որտեղ երկու ծնողներն էլ չունեն գրանցված աշխատանք։

Նշված ծրագրից օգտված ՀՀ քաղաքացիների թիվը բավականին մեծ է, և այդ թվի մեջ ներառված են նաև ՊՆ համակարգի որոշ քաղաքացիական աշխատանք կատարողներ և զինծառայողներ։ Նրանց նույնականացումը աշխատատար և ժամանակատար գործընթաց է: Այժմ իրականացվում են ուսումնասիրություններ, կնշանակվի ծառայողական քննություն՝ տեղի ունեցածի պատճառները խորքային ուսումնասիրելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար:

Մյուս կողմից՝ ՊՆ համակարգում բազմաթիվ են այն զինծառայողները և աշխատակիցները, որոնք, տեղեկանալով իրենց շահառու չլինելու մասին, ինքնակամ ցանկություն են հայտնել գումարը վերադարձնել գանձապետական համապատասխան հաշվեհամարին: Արդեն կատարվել են բազում հետ փոխանցումներ»,- գրել է ՊՆ խոսնակը:

  • Կիսվել: