չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերն անցել են լայնածավալ հարձակողական գործողությունների,  ընթանում են մարտեր. Արծրուն Հովհաննիսյան

Հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերն անցել են լայնածավալ հարձակողական գործողությունների,  ընթանում են մարտեր. Արծրուն Հովհաննիսյան

Գիշերը Արցախի ողջ սահմանի երկայնքով ընթացել են մարտեր։  Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ներկայացնելով ռազմաճակատում իրավիճակը։ 

Նրա խոսքոով, այդ մարտերը չեն եղել նույն ինտեսնիվությամբ, ինչ՝ երեկ, բայց տեղ-տեղ, բնականաբար, եղել են հրետանային հրետակոծություններ:

Նա նշեց, որ հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերն անցել են լայնածավալ հարձակողական գործողությունների, մասնավորապես հրետանային ու հրթիռային հարվածներ են հասցրել․ «Այս պահին այդ ուղղությամբ ընթանում են մարտեր»:

«Մեր ԶՈւ-երի ստորաբաժանումները հերոսաբար դիմակայում են: Բնականաբար մենք էլ ունենք զոհեր, որոնց մասին կհայտնենք: Հակառակորդը կրել է կորուստներ ինչպես կենդանի ուժի, այնպես էլ զրահատեխնիկայի։ Լրացուցիչ տվյալները կամփոփենք ու կխոսենք այդ մասին օրվա ընթացքում»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը։

Հարցին, որքանո՞վ են Գետաշենի, Շահումյանի ուղղությամբ առաջխաղացման հետ կապված սոցցանցերում պտտվող լուրերը հավաստի, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ այս պահին նպատակահարմար չէ մեկնաբանել կոնկրետ ուղղություններով կոնկրետ գործողությունները, հատկապես որոնք վերաբերում են մեր զինված ուժերի հաջողություններին, առաջընթացներին:

«Մարտական գործողությունների ակտիվ փուլի ընթացքում կոնկրետ բնագծեր, բնակավայրեր  չշեշտեն: Դա այնքան էլ ճիշտ չէ»,- ասաց նա:

 

  • Կիսվել: