երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հնարավոր է՝ միջանկյալ հատվածներում, հակառակորդի տարածքներում լինեն ողջ մնացած զինվորներ, սպաներ, քաղաքացիական անձինք. ՊՆ ներկայացուցիչ

Հնարավոր է՝ միջանկյալ հատվածներում, հակառակորդի տարածքներում լինեն ողջ մնացած զինվորներ, սպաներ, քաղաքացիական անձինք. ՊՆ ներկայացուցիչ

Այն զինվորների, քաղաքացիական անձանց վերաբերյալ, որոնց մասին տվյալներ ունենք, անձնական գործեր ենք ստեղծում, բոլոր ծնողները նշում են՝ որտեղ է դեպքը տեղի ունեցել, ինչ հեռախոս է եղել զինվորի կամ սպայի մոտ, պատրաստում ենք բազա, -այս մասին լրագրողներին ասաց Մարտական գործողությունների ընթացքում գերեվարված, անհետ կորած զինառայողների, այլ անձանց հանձնաժողովի նախագահ Վիտալի Ոսկանյանը: Նա, սակայն, այս պահին բազայում առկա տվյալներ չնշեց՝ շեշտելով, որ գործընթացը շարունակվում է: ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ ողջ գտնված զինծառայողներ կան նույնիսկ ամենաբարդ հատվածներում.

«Հնարավոր է՝ միջանկյալ հատվածներում, հակառակորդի տարածքներում լինեն ողջ մնացած զինվորներ, սպաներ, քաղաքացիական անձինք: Ձեռք է բերվել պայմանավորվածություն խաղաղապահ զորքերի հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել կատարել խնդիրները: Այս պահին գործողություններն ընթացքի մեջ են։ Մենք պարբերաբար տվյալներ ենք ուղարկում և ստանում ենք ցուցանիշներ»:

Վիտալի Ոսկանյանը նշեց նաև՝ այս պահին չեն կարող մտնել տարածքներ, որոնք հայկական կողմին հասանելի չեն՝ Ֆիզուլի, Ջաբրայիլ, Կուբաթլու, բայց քննարկվում է այդ տարածքներ մտնելու հնարավորություն ստանալու հարցը․

«Հադրութի հատվածները միջանկյալ են, խոստացել են՝ միջանկյալ հատվածներ, գուցե, կարողանանք մտնել: Կան տեղեկություններ, որ հնարավոր է՝ անտառներում ողջ անձինք լինեն: Նույնիսկ անհավանական տարբերակների ուղղությամբ ենք աշխատում, նաև այն դեպքում, երբ ասում են՝ մեկն ասել է, որ այսինչ տեղում, նկուղում մարդ կա»:

Ինչ վերաբերում է պատերազմից հետո գերեվարված քաղաքացիական անձնանց մասին լուրերին, Ոսկանյանն ասաց՝ տեղեկություններ ունեն հաստատված։ Գերեվարվածների թվի մասին հարցին ի պատասխան՝ նա նշեց, որ տարբեր տվյալներ են գալիս, հստակ թիվ նշել չի կարող․

«Նոր տեսաերիզ է եկել, որ պետք է հասկանանք՝ իսկությունը հաստատվո՞ւմ է, թե՞ չէ: Օրինակ՝ տեսանյութ է ուղարկվել, որտեղ անձի նկատմամբ դաժանություն է ցուցաբերվում, բայց հավանական է, որ տվյալ անձը հայ չէ»:

  • Կիսվել: