երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հին աշխարհում ընդունված էր համարել, որ տաղանդավոր զորավարը կարող է ամեն ինչ. Արծրուն Հովհաննիսյան

Հին աշխարհում ընդունված էր համարել, որ տաղանդավոր զորավարը կարող է ամեն ինչ. Արծրուն Հովհաննիսյան

Հին աշխարհում ընդունված էր համարել, որ տաղանդավոր զորավարը կարող է ամեն ինչ. նա պետք է կարողանա և՛ մար­զել զորքերին, և՛ սովորեցնել հրամանատարներին ինչպես վարվել ամեն մի իրավիճակում, և՛ անձամբ պետք է պլանա­վո­րի գործողությունները, և՛ վերջում այդ բարդ մեխանիզմը իրագործի ու հետևի: Այս մասին ասված է Արծրուն Հովհաննիսյանի ՛՛Հատվածներ Ռազմարվեստ աշխատության՛՛, հատոր երկրորդ ՛՛Ցամաքային ճեղքում՛՛ գրքում։

Ռազմական պատմաբանները ոգևորված էին այդ­պիսի զորավար­ներով, որոնք ջախջախում էին հակառակորդին, և որպես կանոն նրանք լինում էին թագավորներ ու կայս­րեր: Իհարկե, այստեղ միֆերը շատ են, սակայն որքան ռազմական գիտությունը զարգանում ու բարդանում էր, այնքան նման զորա­վարների համար գործելու տեղ քիչ էր մնում: Դեռ պրուսական կայսր Ֆրիդրիխ Երկրորդի (1740-1786 թթ.) ժամա­նակ ռազմական գործիչները խոսում էին այն մասին, որ զորավարները պետք է իրենց կողքին ունենային պլանավորող մար­մին­ներ: Գերմանացի այս տաղանդավոր զորավարը փաստացի ստեղծեց առա­ջին նման մարմինը, որը կոչվում էր կվարտիր­մեյս­տերի ինստիտուտ, հետո ան­գամ հաստատվեց նման գեներալական կոչում ու պաշտոն՝ գեներալ-կվարտիր­մեյստեր: Ֆրիդրիխը արդեն օգտագործում էր նաև Շտաբ և Գլխավոր շտաբ բառերը: Առհասարակ բառն ունի գերմանական ծագում՝ «Stab»:

Այդ ինստիտուտը հետագայում լայնորեն կիրառվեց աշխարհի բոլոր առաջատար բանակներում: Օրինակ՝ Ֆրան­սի­ա­յում 1792 թ. բառի քիչ փոխված տարբերակով գեներալ-կվարտիրմեյստերի ինստիտուտն սկսեցին անվանել բանակի Շտաբ կամ Գլխավոր շտաբ: Ճիշտ է, Բոնապարտը, ղեկավարելով շատ մեծ բանակ, չէր շտապում ռազմագործողությունների պլա­նա­վորումը թող­նել այլ մեկին, սակայն հաճախ մարշալ Բերտյեին անվանում էր բանակի Շտա­բի պետ[1]: Ամեն դեպքում այս շտաբները դեռ այն ինստիտուտները չէին, որը հետո հստակ ձև ու մարմին կստանա, որը գոյություն ունի ներկայումս:

1801 թ. պրուսացի գեներալ Ֆոն Մասսենբախը, ով կրում էր Ֆրիդրիխյան համակարգը, նշում էր, որ բանակի գոր­ծո­ղությունների պլանավորման, ապա­հովման և մարտական մշտական պատրաստության համար, նույնիսկ խաղաղ ժամանակ­նե­­րում հարկավոր է մշտական կարգավորող մարմին՝ Գլխավոր շտաբ[2]: Այս միտքը հավանում էին շատերը, ինչպես նշեցինք, նաև սկսեց կի­րառվել Բոնապարտի զորքերում: Նույն տարում Բեռլինում Գերհարդ ֆոն Շարնհորսթը հիմնադրեց Երի­տասարդ սպաների ակադեմիան, որտեղ ուսա­նում էին սպաները: Ըստ էության, պրուսական բանակում 1785 թ. այդ ինս­տի­տուտը քիչ-քիչ ձևավորվում էր, որում ընդգրկվում էին միայն Պոտսդամի ռազ­մական ակադեմիայի շրջանավարտ սպա­ները: Այսինքն՝ ինչպես հաճախ լինում էր ռազմական գործում, նորարարությունների մասին մտածում ու խոսում էին բոլորը, սակայն այն հիմնականում իրագործում էին գերմանացիները: Իհարկե, Գերմանիայում էլ ամեն ինչ սահուն չէր ընթանում. պրուսական դասական սպայական կազմը դժվար էր ընդունում նորամուծությունները, կրթվելու պար­տադիր պահանջը, բուր­ժուա­զիայի մուտքը բանակ այնքան էլ չէր ողջունվում և այլն: Սակայն առաջադեմները ի վերջո հաղթեցին: Ոմանք պնդում են, որ 1806 թ. Յենայի և Աուերշտադի ճակատամարտերում Բոնապարտի բացարձակ հաղ­թանակից հետո Գլխավոր շտաբի հա­կառակորդները ոգևորվեցին՝ նորից պնդելով, որ հանճարեղ զորավարը և՛ պլանավորողն է, և՛ իրականացնողը և նրա հան­ճարի դիմաց անզոր է ամեն ինչ[3]: Բանավեճերը փաստացի սկսվեցին նոր թափով: Սակայն երկար ժամանակ չանցավ, երբ նորից պրուսական զին­վորականությունը փորձեց լուծումներ գտնել: 1807 թ. ստեղծվեց զորային կա­ռույցի բարե­փոխ­ման կոմիտեն, որտեղ ճիշտ է ընդգրկված էին նաև հետադի­մական հայացքներով մարդիկ, սակայն որոշակի գործընթաց սկսվեց: Շարն­հորսթը եկել էր այն եզրակացության, որ ֆրանսիական բանակի առավելու­թյունները, հատկապես նախաձեռնո­ղա­կան հրամանատարների ինստիտուտը ակնհայտ են: Բացի դրանից՝ նա պնդում էր, որ հարկավոր է արագ անցնել կանոնա­վոր բանակին և Գլխավոր շտաբին: Նրա թիմը հիմնավորեց, որ հենց միայնակ որոշող զորավարին պետք է հակադրել Շտա­բին, այսինքն՝ մանրա­կրկիտ պլանավորման մոդելը: Պրուսական ռազմագիտական, որոշակիորեն հետադիմական դպրոցը, ի վերջո, ավելի ու ավելի գիտական մոտեցավ խնդրին և 1806 թ. փաստացի հիմնադրեց գլխավոր շտաբը՝ ԳՇ-ն:

Գերմանացի գեներալներ Գերհարդ ֆոն Շարնհորսթի և Ավգուստ Գնեյ­զենաուի դպրոցը, բանակի կառուցվածքում շատ բաներ վերցնելով հենց Բոնա­պարտից, ավելի ու ավելի զարգացնելով ռազմական դասական գիտությունը, հիմք դրեց սպա­յական արհեստավարժ կրթությանը: Ֆրանսիական հեղափո­խությունը և դրա արգասիք նապոլեոնյան բանակը նրանց ապա­ցուցեց, որ դասական պրուսական կոշտ դպրոցը պետք է փոխել՝ անցնելով կրթված ու ազատ սպայական դպրոցին:

1808 թ. գերմանական ԳՇ պետ դարձավ առաջադեմ և լուսավոր Գերհարդ ֆոն Շարնհորսթը, ով նաև երկու տարի հե­­տո ստեղծեց արդեն լիարժեք ռազ­մական ակադեմիան և գերմանական բանակի բրիգադներում հաստատեց ԳՇ ներկայա­ցու­ցիչ սպաների հաստիքները: Նա հենց այս ամենով հիմք էր դնում հետագայում Մոլտկե ավագի կողմից լիարժեք կիրառվող «Auftragstaktik»-ին, որը նշանակում էր ղեկավարում ընդհանուր հրահանգներով կամ ապակենտ­րոնացված կառավա­րում[4]:

Սակայն քաղաքական իրողությունները դեռ պրուսական բանակին հնա­րավորություն չէին տալիս դրանով զբաղվել հանգիստ: Կար ներքին դիմադ­րու­թյուն. ազնվականությունը լուրջ դիմադրում էր լուսավորության դեմ, լայն մաս­սաներից սպաների հավաքագրման գործընթացի դեմ և այլն, կար պատե­րազ­մի վտանգ, կար գերմանական պետությունների ներքին մրցապայքար և այլն[5]: Ի վերջո, լուսավորության հաղթանակը ներքին ու արտաքին գործոնների պատճառով տևեց մոտ կես դար: Պրուսական սպայական դպրոցի լուսավոր ներկայացուցիչներ Ֆոն Շարնհորսթը, Ֆոն Բոյենը, ապագա տեսաբան Ֆոն Կլաուզևիցը և այլք ստիպված եղան նաև տեղափոխվել Ռուսաստան և այնտեղ շարունակել իրենց պայքարը Բոնապարտի դեմ՝ դրանով փաստացի ռուսական բանակում հիմք դնելով նոր ռազմական մշակույթին: Ռուսական բանակում ան­գամ ստեղծ­վեց Ռուս-գերմանական լեգեոնը, որը ղեկավարում էին պրուսական բանակի սպաները:

Գերմանական լուսավոր սպաների այս դպրոցը, լուրջ ներդրում ունենա­լով Բոնապարտին հաղթելու գործում, հետո հիմք դրեց ռազմական գործողու­թյունների պլանավորման արվեստին, ավելի կոնկրետ միս ու արյուն տվեց այդ ինստի­տու­տին՝ գալով դեպի Մեծ գլխավոր շտաբին, որը կոնկրետ այդ դպրոցի լավագույն հետևորդ Հելմուտ ֆոն Մոլտկե ավագի հոգե­զավակն էր: Այն ան­վանում էին նաև «Բանակի ուղեղ»: Իհարկե, ամեն ինչ չէ, որ հեշտությամբ էր իրականացվում: Նախ դիմադրում էին ներսից, կային հետադիմական ուժեր, որոնք ամեն ինչ անում էին, որ նոր սերնդի սպաները չիրականացնեն իրենց բարեփոխումները, հետո հեշտ չէր միանգամից անցնել հասարակ մարդկանց ներգրավմանը:

Երբ 1859-1860 թթ. գերմանական տարբեր թագավորությունների բանակ­ներում սպաների ընդունելության համար նշա­նակվեցին պարտադիր քննու­թյուններ և միջնակարգ կրթության պահանջ, մեծ աղմուկ բարձրացավ, ազնվա­կանությունը գնում էր ակնհայտ սաբոտաժի, իսկ որ ավելի զարմանալի էր, շա­տերը, այդ թվում նաև ազնվականները, չէին կարողանում գրագետ գերմանե­րեն գրել[6]:

Սակայն, բարեբախտաբար, գերմանական ռազմաքաղաքական ղեկավա­րության կազմում էլ կային լուսավոր մարդիկ, որոնք Շարնհորսթին, Գնեյզենա­ուին, Բոյենին արտոնեցին իրականացնել այդ բարեփոխումները: Հաստատվե­ցին համապա­տաս­խան ծրագրեր, որոնք ենթադրում էին բանակի ամբողջ կա­ռուցվածքի, համալրման կարգի, ուսուցման ձևի, սպառազին­ման փոփոխու­թյուններ և այլն: Սկզբից գերմանական ԳՇ-ն ուներ զուտ պլանների պատ­րաստման և ուսումնական գործըն­թացի կազմակերպման ֆունկցիա, ու պա­հանջվեց ժամանակ մինչև այն գտավ իր իրական տեղը: Փաստացի պրու­սա­կան ռազ­մա­գիտական դպրոցը այս ինստիտուտին հասավ մոտավորապես հի­սուն տարում:

Գերմանական ԳՇ-ն ուներ հստակ երկու բաժանում՝ Մեծ ԳՇ և առանձին օպերատիվ բաժին, որն ավելի շատ պա­տաս­խանատու էր զորատեսակների և երբեմն զորախմբերի կոնկրետ գործողությունների համար: Այստեղ պլանա­վորվեցին ու ծնվեցին նոր՝ հստակ օպերացիաներն ու պատերազմները:

Իհարկե, միայն գերմանական ռազմագիտական դպրոցը չէ, որ գրում էր տեսություններ և առաջ քաշում տարբեր գա­ղա­փարներ: Նման տեսաբաններ կային եվրոպական շատ երկրներում: Հայտնի են ֆրանսիացի տեսաբաններ Անրի Ժոմինին, Ժյուլ Լուի Լեվալը, Ժան Ֆոլարը, ամերիկացի Սքոթ Ուինֆիլդը և այլք:

Սակայն միայն տեսական գաղափարներով ու օպերատիվ արվեստի բա­նաձևերով պատերազմ չեն հաղթում. անհրա­ժեշտ են բազում տարբեր գործոն­ներ, որոնք միասին ապահովում են զորքերի հաղթանակները: Դրանք են զոր­քերի կառավար­ման համակարգը, մշակույթը, տեխնիկական ու նյութական հա­գեցվածությունը, զորքերի մարտական պատրաստությունը, զենքը, զինամթեր­քը և այլն: Այստեղ ոչ երկրորդական տեղում են կառավարման մշակույթը, ավանդույթները, ընկալումները և ազգային բնավորության գծերը: Այդ առումով կարևոր ենք համարում համեմատել գերմանական կառավարման մոդելը այլ բանակների հետ: Այդ համակարգը և դրա արժեքային հիմքը մեծ զարգացում էին ապրել Մոլտկե Ավագի ժամանակ, ով մշտա­պես պնդում էր, որ սպան պետք է լինի կիրթ ու նախաձեռնող, պատրաստված և ինքնուրույն[7]: Ծնվում էր գերմանական լեգենդար «Auftragstaktik»-ը:

 

Տեղեկանք. Այս տեսությունը հետագայում մեծ զարգացում կգտնի՝ դառ­նալով ժամանակակից ռազմական գիտության հիմքերից մեկը: «Auftragstak­tik»-ը ղեկավարման սկզբունք է, որը հիմնված է կայացած ու գրագետ հրամա­նատարների ինքնուրույնության վրա: Սա փաստացի մեզ շատ ծանոթ ՀԱՄ-ն է: Ներկայումս այս ամենը դրված է նաև ամերիկյան նորագույն «Unified Land Operations» դոկտրինի հիմքում[8]:

 

Սա, իհարկե, զուտ Մոլտկեի անձնական տեսակետը չէր, որը կտրված էր գերմանական իրականությունից, սա հիմնված էր գերմանական առանձնա­հատկությունների, միջավայրի, ավանդույթների, սովորույթների ու ժամանակի պահանջ­ների վրա: Այս ամենը, որը ենթադրում էր հիմնվել կրթված, զարգա­ցած մարդ անհատի վրա, ինչ-որ առումով բնորոշ էր մեծ Եվրոպային առհասա­րակ, սակայն հատկապես գերմանական միջավայրին: Մենք դեռ կանդրադառ­նանք գերմանական լուսա­վորության ծաղկուն շրջանի ազդեցությանը զինվո­րականության զարգացման վրա:

Սա հենց այն ամենն էր, ինչը պակասում էր պրուսական դպրոցի աղճատ­ված տարբերակ՝ ռուսական-խորհրդային համակարգում և վաղուց կար բրի­տանական բանակում: Դրանք արժեքների միասնություն համակարգեր էին, որոնք ձևա­վոր­վում էին տասնամյակներով, դժվարին ճանապարհով, և դրանց միակ հաջողության գրավականը կրթությունն է: Կրթված և ինք­նուրույն սպան անգլո-սաքսոնական կառավարման համակարգի հիմքն էր, որին հատկապես Բոնապարտից հետո անցնում էր նաև գերմանական դպրոցը: Անձամբ Մոլտ­կեն գրում էր հետևյալը. «Հրամանատարներից դժբախտագույնը այն մարդն է, ում վերևից կոշտ կառավարում են: Ամեն օր, ամեն ժամ նա վերադասին պետք է բացատրի, հիմնավորի իր մտահղացումները, պլանները, ամեն վայրկյան նրան անհանգստացնում են հեռակապով: Այդ իրավիճակում հրամանատարը կորցնում է վստա­հու­թյունն իր հանդեպ, որոշում կայացնելու ունակությունն ու համարձակությունը: Նա արդեն չի կարող պատերազմ վարել: Հանդուգն որո­շումները կայացնում են միայնակ»[9]:

Այսինքն՝ գերմանական բանակը գիտությամբ էր մոտենում ամեն ինչին, հիանալի կրթում էր իր սպային և թողնում ազատ որոշումներ կայացնել, ովքեր էլ ծնում էին ռազմական գիտությունն ու օպերատիվ արվեստը: Գերմանական և առհա­սարակ եվրոպական ռազմական գիտությունը փնտրտուքների մեջ էր պատերազմների տեսակների, մարտական բախումների ծավալների ու անուն­ների հարցում: Սակայն ամեն ինչ իր տեղը դրեց տեսականի ու գործնականի միաձույլ քննությունը: 1800-ականների պատերազմներում հստակորեն ձևա­վորվեց հարված-մարտ-ճակատամարտ-պատերազմ շղթան: Ճակատա­մար­տերն ու պատերազմները մինչև Նապոլեոնի դարաշրջանը բացառիկ շեղումնե­րով շղթայի անփոփոխ բնույթ ունեին: Բոնապարտը մտցրեց պատերազմա­շրջան հասկացողությունը, որը որոշակիորեն կիրառվել էր մինչ այդ:

Տեղեկանք. Այս առումով հետաքրքիր զարգացում արձանագրվեց նաև Բոնապարտի ժամանակ և հատկապես հետո: Դաշինքների պատերազմ մարդ­կությունը տեսել էր նախկինում ևս, սակայն երրորդ սերնդի պատերազմների ժամանակ քանի որ աշխարհը բոլոր իմաստներով մեծացել էր, պատերազմ­նե­րի նախապատրաստությունը բավականին երկար էր տևում՝ դառ­նալով քաղա­քական հակամարտություն: Դրանով արդեն ամբողջացավ բախում-մարտ-ճակատամարտ-պատերազմաշրջան-պատերազմ-հակամարտություն շղթան:

 

Մոլտկեն դեռ 1864 թ. Շլեզվիգի ու Հոլշտեյնի համար մղված պատերազ­մում փորձեց ամեն ինչ իդեալական պլա­նա­վորել, որ գործողությունները լինեն կայծակնային, արագ, որպեսզի հակառակորդը ուշքի չգա[10]: Ճիշտ է, այս տեր­մինը դեռ ամ­րագրված չէր, սակայն գերմանական դասական պլանավորողնե­րի համար արագ գործողությունները դարձան նորմ ու մտածելակերպ: Գլխա­վոր շտաբը կայծակնային գործողությունների մասին էր մտածում նաև մտա­հոգված լինելով երկու ճակատով պատերազմելու խնդիրներով[11]:

Ամեն դեպքում Մոլտկե ավագը, մեծ քայլ կատարելով դեպի ավելի ազատ ու ճկուն կառավարման համակարգ, Մեծ գլխա­վոր շտաբով՝ գոնե զորատեսակ­ների ու զորախմբերի մասով, դեռ հիմնականում պահպանում էր կոշտ կառա­վարման մո­դելը:

Փաստացի արագ պատերազմելու ջախջախման մոդելը քայլ առ քայլ մո­տենում էր իր կուլմինացիոն տեսությանը՝ կայ­ծակնային պատերազմին, սա­կայն պատմականորեն ջախջախման պատերազմի մոդելը հասունանում էր դեռ ավելի վաղ: Պրու­սական ռազմական դպրոցն այն կատարելագործեց և հստակ կանոններ տվեց:

1870-1871 թթ. ֆրանս-պրուսական պատերազմը լավագույն քննությունն էր գերմանական ռազմագիտական դպրոցի հա­մար: Այս պատերազմում Մոլտկե ավագի ստեղծած ռազմական համակարգը՝ գերմանական ԳՇ-ով, հետախու­զությունով, պլանավորումով, մատակարարման ու ապահովման համակարգով, ուղղակի փայլուն աշխատեց: Գերմանական ռազմական մեքենան ուղղակի ժա­մացույցի նման իրեն դրսևորեց պետությունը պատերազմի նախապատրաս­տելիս: Անսխալ ու բարձր մա­կարդակով իրականացվեցին ռազմադիվանա­գի­տական ու քարոզչական աշխատանքը, պետության բոլոր կառույցների նախա­պատ­րաստությունը պատերազմին, և մոբիլիզացիան ուղղակի փայլուն ու չտեսնված արագ իրականացվեց: Դրանից հետո ավե­լի բարձր մակարդակով իրականացվեցին զորքերի խմբավորման ձևավորումը, զորաշարժն ու կենտրո­նացումը, ընդ որում՝ գրեթե առանց ժամանակային ընդհատումների: Միս ու արյուն էր ստանում օպերատիվ արվեստը: Մոլտկեն առաջին զորա­վարն է, որի զորքերը բաժանվեցին տարբեր զորախմբերի, որոնք մեկ միասնական պլանով, ռազմավարական մտահղացմամբ վարում էին առանձին, միմյանց հետ կապ չունեցող ճակատամարտեր[12]:

Մեցի մոտակայքում արդեն Մոլտկեի զորքերը վեց օրում վարեցին երեք առանձին, հաջորդող ճակատամարտեր՝ Կոլոմբեյ-Նուիլյի, Մարս-Լյա-Տուր և Գրավելոտ-Սան-Պրիվա: Ճակատամարտերի տարածքը կազմում էր մոտավո­րապես 100 կմ: Սա արդեն դասական օպերացիայի օրինակ էր[13]: Այս հաղթա­նակներից հետո պրուսական բանակը մոտեցավ Սեդան քաղաքին: Մոլտկեն ամեն կերպ ձգտում էր թևանցել ֆրանսիական բանակին: Ի վերջո, գերմանա­կան 3-րդ բանակին հաջող­վեց շրջանցել ֆրանսիական բանակին:

Սեդանի ճակատամարտում գերմանական ռազմագիտական դպրոցը փաս­տացի դասական օպերատիվ արվեստի պրակ­տիկ հիմքը դրեց: Գերմանա­կան զորախումբը կազմում էր մոտավորապես 200000 (3-րդ և 4-րդ գերմանա­կան բանակները) զորք և ավելի քան 700 հրանոթ, իսկ ֆրանսիական զորա­խումբը՝ մոտավորապես 130000 զորք և ավելի քան 500 հրա­նոթ[14]: Սեդան քա­ղաքի մոտ՝ մոտավորապես մի քանի տասնյակ կիլոմետր ճակատի վրա, բախ­վեցին երկու օպերատիվ մակար­դա­կի զորախմբեր, և ընդամենը մեկ օրում գեր­մանական բանակը պարտության մատնեց հակառակորդին: Փաստացի գեր­մա­նա­կան երկու առանձին զորախմբեր խորը շրջանցումով (3-րդ պրուսական բանակի 5-րդ և 11-րդ կորպուսները) և փոխ­հա­մաձայնեցված հարվածներով գլխովին ջախջախեցին ֆրանսիական բանակին և գերեվարեցին հիմնական զորքերին ու կայ­սե­րը[15]: Այս ճակատամարտում կարևոր դեր խաղաց նաև գերմանական հրետանին, երբեմն Սեդանի ճակատամարտը համարվում է նաև այս դարի ամենամեծ հրետանային ճակատամարտը: Սեդանի ճակատամարտը դարձավ օպերատիվ արվեստի առաջին դրսևորումներից մեկը, երբ մշակված օպերացիան, ճիշտ է մեկ օրյա մարտական բախմամբ, սակայն նախապատ­րաստությունը ըն­թանում էր ավելի երկար, գրագետ խուսավարմամբ և խիտ հարվածներով, հատկապես հրետանու պարտության մատնեց հա­կառակորդի խոշոր զորախմբին՝ ապահովելով բացարձակ հաղթանակ: Հաղթանակը նույ­նիսկ կարելի է համարել ռազմավա­րա­կան, քանի որ ձեռքբերումները ռազ­մա­վարական էին, դրանից հետո ֆրանսիական բանակի դիմադրությունը գրեթե չեզոքաց­վեց: Մոլտկեն որոշեց օգտվելով ջախջախման հիանալի արդյունքից՝ դիմել հյուծման գործողությունների առանց զորքերին վտանգի ենթարկելու և խուսափեց ավելորդ զոհերից: Այս պատերազմում այլևս մեծ ճակատամարտեր տեղի չունեցան, և շու­տով գերմանական միասնական բանակները հայտնվեցին Փարիզի պատերի տակ: Մոլտկեն ռազմաշխարհին տվեց Շտաբի փայլուն աշ­խատանքը, մեծ զորախմբերի ճիշտ խուսավարումը, փոխհամաձայնեցված գոր­ծողությունները և ջախջախման բա­ցա­ռիկ օրինակ: Այս ամենը հենց այն է, ինչը մենք հետո անվանելու ենք ռազմական ՍԻՄՖՈՆԻԱ, այսինքն՝ ներդաշնակ ու փայլուն համաձայնեցված արարներ:

Փաստացի առաջին անգամ կիրառվեցին մի քանի բանակների համա­ձայնեցված, հաջորդական օպերատիվ-ռազմավա­րա­­կան ռազմագործողութ­յուն­ներ, որոնք ունեին կայծակնային արագության բնույթ: Հստակեցվում էր ռազ­մավարության և նո­րա­ծին օպերատիվ արվեստի հարաբերությունների հիմքը: Դրանով ռազմավարական մակարդակում հիմք դրվեց գերմանական ռազմա­գիտական դպրոցի ծնունդ հանդիսացող ապագա Կաններին և կայծակ­նային պատերազմին: Մոլտկեն գործում էր արագ ու վճռական: Նա առաջին անգամ օպերատիվ-ռազմավարական մակարդակում իրականում կիրառեց առանձին բանակների հա­մատեղ, մեկ մտահղացման մեջ կիրառվող գործողու­թյունները[i]:

Միավորված Գերմանական կայսրությունը հենց գերմանական ռազմա­կան գիտության արգասիքն էր, իսկ արդեն միա­վորված գերմանական բանակի Մեծ գլխավոր շտաբը այն ուղեղային դարբնոցն էր, որտեղ ծնվում էին ջախ­ջախման պատերազմի նոր կանոնները: Այդ կանոններով գերմանական բանա­կը հաղթեց Ավստրիային, հաղթեց Ֆրանսիային: Այդ կանոնները մշակ­վում ու հղկվում էին, ուսումնասիրվում էին աշխարհի բոլոր պատերազմները: Գերմա­նական ռազմա­գիտական միտքը ուշի-ուշով հետևում և ուսումնասիրում էր ամերիկյան քաղաքացիական պատերազմը, ռուս-թուրքական պատերազմը, անգլո-բուրական պատերազմը, արդեն գերմանական ռազմագիտական դպրո­ցի ազդեցությունը կրած ռուս-ճապոնական պատերազմը և այլն: Այդ ուսումնա­սիրությունների և գերմանական ռազմագիտական մտքի հիմնական ուղղու­թյան արգասիքը հանդիսացավ Մեծ ԳՇ-ի նոր ղեկավար Ալֆրեդ ֆոն Շլիֆֆե­նի «Կաններ» բանաձևը: Հետագայում այն դասագրքային կդառնա աշխարհի շատ զինվորականների համար:

Սակայն տարբեր պատճառներով այստեղ ջախջախման մոդելը տապալ­վեց, այն վերածվեծ հյուծման, որտեղ որակա­պես քիչ զիջող, սակայն քանակա­պես մի քանի անգամ գերազանցող ուժերը, ի վերջո, հաղթանակ տարան: Հյուծման մոդելի հա­մար ևս գերմանական դպրոցը թողել էր մեծ գործեր: Դրանցից ամենահզորը հենց Կլաուզևիցի աշխատությունն էր, որը, բացատրե­լով քաղաքականության ու պատերազմի կապը, հիանալի ներկայացնում էր, թե ինչ մեծ նշանակություն ունեն մեծ ռեսուրսները: Այս աշխատությունում դեռ բազմիցս կանդրադառնանք հյուծման պատերազմի մոդելին:

 

[1] Н. А. Троицкий, Маршалы Наполеона. Новая и новейшая история, 1993, №5, стр. 166-178.

[2] С. Л. Печуров, Ю. Н. Судаков, Преобразования тылового обеспечения в ВС США Военно-промышленный курьер, 2004, 44 (61), 17-23 нояб.

[3] A. Campbell, A British Joint General Staff RUSI Journal, 1997, Aug.

[4] Vgl. Marc Habenicht: Die Führungsphilosophie der Bundeswehr (Innere Führung)–Eine Idee zur Menschenführung auch für andere Organisationen?...! Verlag Dr. Kovac, Hamburg 2012, S. 32-38; Marc Habenicht: Die Führungsphilosophie der Bundeswehr (Innere Führung)–Eine Idee zur Menschenführung auch für andere Organisationen?...! Verlag Dr. Kovac, Hamburg 2012, S. 36-44.

[5] К. Деметр, Германский офицерский корпус в обшестве и государстве 1650-1945, М., 2007, стр. 34-88, 95-102.

[6] К. Деметр, Германский офицерский корпус в обшестве и государстве 1650-1945, М., 2007, стр. 123-125.

[7] Н. А Власов, Гельмут фон Мольтке, Полководец индустриальной эпохи, СПб, 2011, стр. 135.

[8] Overcoming Bureaucracy: The Idea of Auftragstaktik, http://www.projectanticipation.org/index.php?option

[9] А. А Кокошин, Исторические корни Блицкрига: [немецкое военное искусство периода II-ой Мировой войны] Вопросы истории, 1968, №5, стр. 3-29.

[10] H. A. Власов Гельмут фон Мольтке, Полководец индустриальной эпохи, СПб, 2011, стр. 45.

[11] F. Waitl, The True Strategy of Blitzkrieg, www.militaryhistoryonline.corn.wwii.

[12] Г. Иссерсон, Эволюция оперативного искусства, Второе дополненное издание, М., 1937, стр. 23.

[13] Г. Иссерсон, Эволюция оперативного искусства, Второе дополненное издание, М., 1937, стр. 25.

[14] Howard, M. (1961), The Franco-Prussian War: The German Invasion of France 1870-1871, London: Rupert Hart-Davis, pp. 146-178; Clodfelter, M. (2017). Warfare and Armed Conflicts: A Statistical Encyclopedia of Casualty and Other Figures, 1492-2015 (4th ed.), Jefferson, North Carolina: McFarland, pp. 156-185.

[15] Лависс и Рамбо, История XIX Века, том 6, М., 1938, стр. 351.

 

[i] Առհասարակ առանձին զորախմբերի միասնական գործելու հարցը, որը կազմում էր նորածին օպե­րատիվ արվեստի հիմքերից մեկը, ռազմարվեստում հասունանում էր դան­դաղ: Այս կերպ փորձել էին կռվել դեռ հին աշխարհում, մասնավորապես նման քայլերի էին դիմում հռոմեական զորավարները, սա­կայն քիչ թե շատ ռազմարվեստի ծնուն­դին մոտիկ ժամանակներում նման օրինակներ էին երևում 18-րդ դարի վերջին ռուս-թուրքական պատերազմների, Սուվորովի Շվեյցարական արշավանքի, հատկապես Բո­նա­­պարտյան պատերազմների ժամանակ: Ֆոն Մոլտկե ավագը այս ամենը հասցրեց ծայրահեղու­թյան՝ գրեթե ոչնչացնելով ժամանակի դադարները: Սրանով գերմանական ռազ­մագիտական դպրոցի հիմնադիրներից մեկը ժամանակի հանգամանքը դարձրեց առանցքային: Հետագայում մենք դեռ շատ կտեսնենք, թե ինչպես է գերմանական դպրոցը հստակ ու որակյալ գործողությունների կրճատման հաշ­վին հաղթանակում: Ժամանակի կրճատումը ռազմարվեստում կդառնա առանցքային խնդիր: Հետագա­յում այս երևույ­թը արդեն լիովին դրսևորվեց ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ: Մուկդենյան ճակատամարտում ճապոնական հինգ և ռուսական երեք բանակները բախվեցին ավելի քան 100 կմ ճա­կատի վրա, որի արդյունքում ռուսական բանակը պարտություն կրեց և նահանջեց մոտավորապես 100 կմ: Այս օրինակներից հետո բնականաբար ավելացան այն տեսաբանները, որոնք խոսում էին օպերատիվ զորախմբերի ռազմարվեստի մասին:

Շարունակելի...

Արծրուն Հովհաննիսյան

Հատվածներ Ռազմարվեստ աշխատության

Հատոր երկրորդ

Ցամաքային ճեղքում գրքից։

Առաջին մասը կարող եք ընթերցել այստեղ:

Վերջին՝ երրորդ մասը կարող եք ընթերցել այստեղ:

  • Կիսվել: