ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հանդիպել է զինված ուժերի մատակարար ընկերությունների ներկայացուցիչների հետ

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հանդիպել է զինված ուժերի մատակարար ընկերությունների ներկայացուցիչների հետ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հունվարի 21-ին ՊՆ վարչական համալիրում հանդիպել է զինված ուժերի հետ համագործակցող մատակարար ընկերությունների ու անհատ ձեռներեցների հետ:

Կարևորելով նման ձևաչափով հանդիպումը՝ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդգծել է, որ զինված ուժերի բնականոն աշխատանքն ապահովում է նաև ԶՈւ կարիքների համար ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների որակյալ և ժամանակին մատակարարումը: Նշելով, որ նախկինում մատակարարման առումով եղել են որոշակի թերացումներ, ԶՈւ գլխավոր շտաբի պետը շեշտել է, որ ԶՈւ ղեկավարությունն իր առջև խնդիր է դրել վերացնել բոլոր թերությունները և մատակարարների հետ համագործակցությունը դարձնել առավել արդյունավետ: Խնդիրներից խուսափելու համար գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հորդորել է մատակարար ընկերությունների ղեկավարներին խստորեն հետևել մատակարարվող ապրանքների և ծառայությունների տեխնիկական բնութագրերին և պահպանել մատակարարման ժամանակացույցը, քանի որ ցանկացած խախտում բացասաբար է անդրադառնում զինված ուժերի մարտունակության վրա: Արտակ Դավթյանը մատակարարներին հորդորել է նաև աշխատել առավել ազնիվ և թափանցիկ, լինել նախաձեռնող, հանդես գալ նոր առաջարկներով, իսկ խնդիրների առկայության դեպքում՝ բարձրաձայնել դրանք:

ՀՀ ԶՈւ ԳՇ պետը հիշեցրել է, որ մատակարարվող բոլոր ապրանքատեսակները պարտադիր անցնելու են լաբորատոր փորձաքննություն, և ընդունվելու է միայն բարձրորակ արտադրանքը: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը նաև շեշտել է, որ զինված ուժերի ղեկավարությունն առաջնահերթությունը տալիս է հայրենական արտադրողին և շահագրգիռ է, որ գնումները կատարվեն տեղական արտադրողից, սակայն միայն այն դեպքում, եթե դա չի ազդելու մատակարարման որակի վրա:

  • Կիսվել: