ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀՀ զինված ուժերի նպատակը պատերազմ հրահրելը չէ, ագրեսիա դրսևորելը չէ իր հարևանների նկատմամբ. Պաշտպանության փոխնախարար

ՀՀ զինված ուժերի նպատակը պատերազմ հրահրելը չէ, ագրեսիա դրսևորելը չէ իր հարևանների նկատմամբ. Պաշտպանության փոխնախարար

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր հայտարարեց, թե 2021-ին հաստատված պաշտպանական գերատեսչությունում բարեփոխումների իրականացման ճանապարհային քարտեզում նշված է, թե «հայեցակարգը վերափոխելու է Զինված ուժերը, զարգացնելու ու վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ՝ ագրեսիայից պաշտպանվելու»։

«Մեր զինված ուժերը երբևէ ագրեսիայի նպատակ ունեցող Զինված ուժեր է եղե՞լ, որ հիմա էլ հայեցակարգով ուզում են ոչ ագրեսոր Զինված ուժեր ձևավորել, թե՞ ուղղակի ուզում են անատամ Զինված ուժեր, որը նույնիսկ պաշտպանությունից հակահարձակման երբևէ ի վիճակի չի լինի անցնել», - պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանից հետաքրքրվեց պատգամավորը։

Արման Սարգսյանն էլ ասաց, թե իրենց նպատակը, բնականաբար, «անատամ բանակ» ունենալը չէ, այլ ֆիքսելն է, որ ՀՀ զինված ուժերը չեն ստեղծվելու ագրեսիայի նպատակով։

«ՀՀ զինված ուժերի նպատակը պատերազմ հրահրելը չէ, ագրեսիա դրսևորելը չէ իր հարևանների նկատմամբ։ Անատամ լինելու մասին խոսք լինել չի կարող, պետությունն ամեն ինչ անում է, որ մեր զինված ուժերը լինեն մարտունակ ու հնարավոր հակահարված տալու ընդունակ», - ասաց պաշտպանության փոխնախարարը։

 

  • Կիսվել: