ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմական կցորդները համոզվել են՝ 4 ՍՈՒ-30ՍՄ ինքնաթիռները տեղում են

ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմական կցորդները համոզվել են՝ 4 ՍՈՒ-30ՍՄ ինքնաթիռները տեղում են

Մարտի 31-ին Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ N ավիաբազա, տեղեկացնում են ՊՆ-ից:

Ավիաբազայի հրամանատար, ավիացիայի գնդապետ Սամվել Թավադյանը օտարերկրյա հյուրերին ծանոթացրել է զորամասի առօրյա գործունեությանը և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Այնուհետև ռազմական կցորդները շրջայց են կատարել զորամասի տարածքում, ծանոթացել ավիացիոն սպառազինությանն ու ռազմական տեխնիկային:

Հյուրերի համար առավել մեծ հետաքրքրություն են ներկայացրել ՍՈՒ-30ՍՄ ինքնաթիռները:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ռազմական կցորդները նշել են, որ այցի արդյունքում իրենք կրկին անգամ համոզվել են, որ բոլոր 4 ՍՈՒ-30ՍՄ ինքնաթիռները տեղում են, և որ ադրբեջանական ու թուրքական մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե դրանք մասնակցում են Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին, չեն համապատասխանում իրականությանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. ՛՛Տեղեկությունը, թե Հայաստանը չորս ՍՈՒ-30 ՍՄ ինքնաթիռները տրամադրել է Ռուսաստանին Ուկրաինայում օգտագործելու համար, ՛՛աղաղակող ապատեղեկատվություն է՛՛:

Նա հավելել է, որ ՍՈՒ-30 ՍՄ-ները Հայաստան ներկրվելու օրվանից ՀՀ սահմանները ոչ մի անգամ չեն լքել:

 

  • Կիսվել: