ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը փոփոխել է ընդունելության կարգը

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը փոփոխել է ընդունելության կարգը

Վազգեն Սարգսյանի ռազմական համալսարանը վերազինվել է նոր ուսումնական տարվան ընդառաջ։ Չնայած կորոնավիրուսին՝ համալսարանը պատրաստվում է ուսումնական նոր տարվան։

Համալսարանում կրթություն են ստանում հրետանավորներ, հետախույզներ ու տանկիստներ։ Ապագա սպաներին ընդունելու համար այստեղ փոփոխել են ընդունելության կարգը՝ վարակից խուսափելու համար։

Ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը տեղեկացրեց, որ կրթօջախում զինված ուժերի համար պատրաստում են բակալավրի եւ մագիստրոսի որակավորմամբ ռազմական կառավարման մասնագետներ, որոնք հետագայում հաջողությամբ ծառայում են ամենատարբեր ստորաբաժանումներում, իսկ լավագույն շրջանավարտները հրամանատարական բարձր պաշտոններ են զբաղեցնում զինված ուժերում:

Ռազմական համալսարանը մասնագիտական որակների կատարելագործման նպատակով սերտորեն համագործակցում է ինչպես զինված ուժերի զորամիավորումների, այնպես էլ քաղաքացիական բուհերի հետ: Վերջինների ուսանողները 2-րդ կուրսից ռազմական համալսարանում մասնակցում են «Պատիվ ունեմ» ծրագրին, երկուսուկես տարում ստանում հրաձգային եւ հրետանային ստորաբաժանումների կառավարում մասնագիտություն եւ իրենց բուհն ավարտելուց հետո ռազմական համալսարանում եռամսյա հավաք անցկացնելով ստանում լեյտենանտի զինվորական կոչում:

«Առկա ուսումնանյութական բազան, որի գերակշիռ մասը հայրենական արտադրության է, դասախոսական կազմը հնարավորություն է տալիս այստեղ պատրաստելու որակյալ մասնագետներ: Մեր կուրսանտները նաեւ հնարավորություն ունեն ուսումը շարունակել արտերկրի ուսումնական հաստատություններում: Պաշտպանության նախարարի հրամանով համալսարանում հիմնվել է լեզվի կենտրոն, որը պետք է նաեւ հոգա զինված ուժերի կարիքները: Համալսարանում մեծ աշխատանքներ են կատարվում մեր երկրի ռազմական գիտությունը զարգացնելու ուղղությամբ»,- ասաց գնդապետ Խաչատուր Խաչատրյանը:


  • Կիսվել: