կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՀ պաշտպանության կապիտալ ծախսերը 2023–ին իրացվել են 90 տոկոսով. Անդրանիկ Քոչարյան

ՀՀ պաշտպանության կապիտալ ծախսերը 2023–ին իրացվել են 90 տոկոսով. Անդրանիկ Քոչարյան

2023 թ. ՀՀ պաշտպանության կապիտալ ծախսերն իրացվել են 90 տոկոսով։ Այս մասին այսօր ՀՀ ԱԺ–ում 2024 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Նրան հակադարձեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը` նշելով, որ իրականում պաշտպանական ծախսերն ընդամենը 55 տոկոսով են իրացվել։
 
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն իր հերթին հետաքրքրվեց` արդյոք 2024 թ. պետական բյուջեով անվտանգությունն այն աստիճանի կհասցվի, որ սահմանամերձ հատվածում կամ մարզում օտարերկրյա ձեռնարկության վրա կրակող հակառակորդ չենք ունենա։
Մինասյանը հարցը վերաբերում էր Երասխում կառուցվող մետալուրգիական ձեռնարկությանը, որի ուղղությամբ հունիսի 13-ից ադրբեջանական կողմը պարբերաբար կրակում էր։
 
Հրաձգության հետևանքով հաստատությունում աշխատող Հնդկաստանի երկու քաղաքացի էր վիրավորվել։ Սեպտեմբերի 14–ին հայտնի դարձավ, որ Երասխում հայ–ամերիկյան մետալուրգիական գործարանի կառուցման վայրը փաստացի տեղափոխվել է Արարատ քաղաքի հարակից տարածք:
 
Ի պատասխան Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ պետք է դասեր քաղել 44–օրյա պատերազմի արդյունքներից։
«Դա նշանակում է`լինել ազնիվ մեր մղումների մեջ, և անվտանգությունը պետք է վերաբերի բոլորիս` ներքին անվտանգությունից մինչև արտաքին։ Դրա համար նվիրումով պետք է իրականացնել նախանշված ծրագրերը։ Իսկ այն, որ հակառակորդը դեռ ունի ցանկություններ և հնարավորություններ` խոսելու ուժի դիրքերից, այո՛, այդ իներցիան դեռ գնում է»,– նշեց Քոչարյանը։
 
Ըստ նրա` այդ դեպքում ՀՀ կառավարության ներդրած միջոցները միտված են նրան, որ մեր երկրի անվտանգության համակարգը լինի այնպիսին, որ հակառակորդի ցանկությունները չլինեն այնպիսին, ինչպիսին 44–օրյա պատերազմի ընթացքում էր, երբ նրանք ձեռք բերեցին դիրքային առավելություն։

  • Կիսվել: