հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՀՀ ինքնիշխան տարածքում օտար զինված ուժեր չեն կարող լինել․ Անդրանիկ Քոչարյան

ՀՀ ինքնիշխան տարածքում օտար զինված ուժեր չեն կարող լինել․ Անդրանիկ Քոչարյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանում խուսափեց պատասխանել լրագրողների հարցին՝ ադրբեջանական զինուժը լքե՞լ է Իշխանասարի տարածքը, թե՞ ոչ։

Նա նշեց, որ այդ հարցը ճիշտ կլիներ ուղղել Պաշտպանության փոխնախարարին, որը նույնպես խորհրդարանում էր։ Տեղեկանալով, որ Արման Սարգսյանը չի պատասխանել վերը նշված հարցին, Քոչարյանն ասաց․ «Թույլ կտա՞ք՝ միառժամանակ էլ ես խուսափեմ, որովհետև կան բաներ, որ արժի մեկ-մեկ խուսափել էլ», - ասաց նա։

Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներն օրեր առաջ Աշխաբադում՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում, անդրադարձել են Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքներին։

«Կարծում եմ, որ պարոն Ալիևը եռակողմ բանակցությունների ժամանակ հնարավորություն ուներ իր տեսակետը հստակ ձևակերպել։ Թե ինչ են պարոն Էրդողանի հետ հասկանում «միջանցք» հասկացության տակ, մեր վարչապետը ՀՀ շահերից բխող տեսակետը ներկայացրել է, կոմունիկացիաների մասին է խոսքը։ «Միջանցքը» այլ հասկացություն է։ Այդպիսի օրակարգ, ինքներդ նկատեցիք՝ չկար»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Քոչարյանը շեշտեց՝ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից։

«Ադրբեջանցիները մեր ինքնիշխան տարածքից պետք է դուրս գան, ինչքան շուտ, այնքան լավ: ՀՀ ինքնիշխան տարածքում օտար զինված ուժեր չեն կարող լինել»,- ընդգծեց Քոչարյանը։ 

  • Կիսվել: