հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՀՀ-ի նման մարտական վիճակում գտնվող երկրներում ծառայությունը ոչ թե հեշտացնում են, այլ դժվարեցնում․ Օհանյան

ՀՀ-ի նման մարտական վիճակում գտնվող երկրներում ծառայությունը ոչ թե հեշտացնում են, այլ դժվարեցնում․ Օհանյան

Հայաստանի նման մարտական վիճակում գտնվող երկրներում զինվորական ծառայության պայմանները ոչ թե հեշտացնում են, այլ, ընդհակառակը, դժվարեցնում են: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ՊՆ նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՊՆ-ի նոր որոշմանը, որով հրաժարվում են պահեստազորի եռամսյա հավաքներից և փոխարեն հավաքները 25-օրյա ժամկետով են իրականացնում:

Մեզ հետ զրույցում ՊՆ նախկին նախարարը շեշտեց՝ հավաքների կազմակերպման ժամկետները զորահավաքության պատրաստության ծրագրի և պահեստազորայինի զինվորական հաշվառման մասնագիտության համաձայն պետք է իրականացվի և պետք է միտված լինի զինվորականի ունակությունների կատարելագործմանն և մշտական պատրաստվածության պահպանմանը.

«Այդ հավաքները կլինեն մեկշաբաթյա, 25 օր, թե եռամսյա, Կառավարությունը պետք է որոշի՝ ՊՆ-ի առաջարկությամբ: Ես կարծում եմ՝ եռամսյա հավաքների ժամկետը մարտական գործողությունների մեջ չգտնող երկրի համար շատ է, բայց Հայաստանը մարտական գործողությունների մեջ գտնվող երկիր է: Առհասարակ, Հայաստանի նման երկրում ողջ ուժը պետք է ներդնել՝ անվտանգության ապահովման և պաշտպանության կազմակերպման համար, բանակը վերականգնման համար: Ես այսօր ԶՈՒ կազմի վիճակի մասին տեղեկություններ չունեմ, բայց այն, որ հակառակորդը մշտապես սադրանք է իրականցնում և այդ սադրանքի շրջանակներում մենք տուժում ենք, սա միանշանակ է, ուստի ծառայության պայմանները պետք է խստացվի, բայց դրանք զինվորական ծառայության և պաշտպանության վերականգնման ուղղությամբ իրականացվող միջոցառումներ պետք է լինեն»,-ասաց նա:

Բանակի վերաբերյալ մեկ այլ ուշագրավ հայտարարություն էր այսօր արել Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ պայմանագրային զինծառայողի աշխատավարձը բարձրացնելով՝ Հայաստանն անցում է կատարում պրոֆեսիոնալ բանակի:

Սեյրան Օհանյանն ընդգծում է ՝ դա կարևոր է ծառայողական գրավչության առումով, բայց միայն աշխատավարձ բարձրացնելով պրոֆեսիոնալ բանակ չեն կառուցում.

«Դա գրավչության կոմպոնենտ է՝ աշխատավարձ, բնակարանային պայմաններ և արժանապատիվ կենսաթոշակ և, իհարկե, ամենակարևորը՝ հասարակության վերաբերմունքը զինվորական ծառայողի նկատմամբ և հայրենասիրական ոգին, ինչը, այս իշխանությունների օրոք, ոտնահարվել է»,-ասաց Օհանյանը:

  • Կիսվել: