շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՀՀ և հակառակորդի պաշտպանության նախարարների միջև պետք է ստեղծվի օպերատիվ կապ. Անդրանիկ Քոչարյան

ՀՀ և հակառակորդի պաշտպանության նախարարների միջև պետք է ստեղծվի օպերատիվ կապ. Անդրանիկ Քոչարյան

Եթե պաշտոնական հաղորդագրության միջոցով տեղեկացվեց հանրությանը, որ ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներն ունեցել են հեռախոսազրույց, դա նշանակում է, որ այդ կապը գործում է։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագրի» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Հաղորդագրությունից հասկացվել է նաև, որ պետք է կառուցվի կամ իրականություն դառնա օպերատիվ կապ Հայաստանի և հակառակորդի պաշտպանության նախարարների միջև»։

Հարցին` այդ կապը գործո՞ւմ է արդյոք, Քոչարյանը նշեց, որ չի կարող ասել։ Անդրադառնալով սահմանային լարվածությանը՝ նա նշեց․

«Նման խնդիրները միշտ մեզ ուղեկցելու են մինչև վերջնական խնդիրների լուծումը, որը իրականություն կդառնա, երբ մտնենք դեմարկացիայի և դելիմիտացիայի փուլ։ Իսկ դրա համար երկրում պետք է ստեղծել ներդաշնակ կայուն իրավիճակ»։

Խոսելով Փաշինյան-Պուտին-Ալիևի հանդիպումից և այդ համատեքստում դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ փաստաթղթի ստորագրումից՝ Անդրանիկ Քոչարյանն ընդգծեց.

«ՀՀ-ն բազմիցս հանդես է եկել հավաստիացմամբ, որ դրան Հայաստանը կողմ է և վերջ, մենք շահագրգռված ենք, որ դա սկսվի օր առաջ, որպեսզի հստակություն մտնի` որտեղ է զրոյական կետը և այդ կետի շուրջ բանակցություններից հետո պետք է սկսվի այն խնդիրների լուծումները, որոնք կապված են առաջնագծի ինժեներական կառույցների կահավորման հետ»։

Այն հարցին` որ թվականների քարտեզների հիման վրա է կատարվելու դեմարկացիա և դելիմիտացիա, Քոչարյանը նշեց.

«Հայ ժողովուրդը ցանկանում է Տիգրան Մեծի ժամանակներից։ Խոսք կա 1920-ական թթ․ և իրավական ուժ ունեցող քարտեզների մասին։ Բանակցությունների ընթացքում պետք է գտնել մեզ համար ցանկալի զրոյական կետը, որ չունենանք կորուստներ, այլ հակառակը՝  ունենանք ձեռքբերումներ։ Բանակցությունների գործընթացի ընթացքում բնականաբար լինելու են լարվածության օջախներ»։

Ինչ վերաբերում է ՌԴ-ին պաշտոնական նամակով դիմելուն՝ Քոչարյանը նշեց, որ եթե եղել է պաշտոնական հաղորդագրություն, ապա այն ունենալու է իր տրամաբանական շարունակությունը։

«Վերջին լարվածությունների ընթացքում, երբ ես ասացի, որ բանակը կռվեց, ես դա պատահական չասացի։ Պետք է զարգացնել այդ կռվելու ունակությունը, կամքի դրսևորումը, որը միտված է մեր երկրի սահմանների պաշտպանությանը»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

«Այդ բանակցությունների ընթացքում մեզ համար պետք է գտնել այն ցանկալի զրոյական կետը, որից հետո մենք չունենանք կորուստներ, այլ ձեռքբերումներ ունենանք։ Դա պետք է սկսել բանակցային գործընթացով, իսկ նման գործընթացի շրջանակներում լինելու են լարվածության օջախներ։ Կրակի օջախները կմարեն այն ժամանակ, երբ Հայաստանի ներսում այդ օջախներին անուղղակի սպասարկող գործընթացներ չեն լինի»,– նշեց Անդրանիկ Քոչարյանը։

Ինչ վերաբերում է դեկտեմբերի 15–ին Բրյուսելում կայանալիք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպմանը, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ասաց, որ բանակցությունները հնարավորություն կտան թուլացնելու լարվածությունը։

«Թե բանակցություններին ինչ խնդիր պետք է լուծվի, դա կախված է, թե բանակցող կողմն իր հետեւում ինչ ունի։ Դա ասելով նկատի ունեմ ժողովրդի կամքի արտահայտությունը, որի արդյունքում ձեւավորվել է կայուն իշխանություն, եւ նման պայմաններում շատ կարեւոր է մեր Զինված ուժերի մարտունակության վիճակը։ Պատահական չէր, որ վերջին հարցազրույցներից մեկում ես ասել էի, որ բանակը  կռվեց»,– նշեց նա։

  • Կիսվել: