հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայրենիքի պաշտպանի կենտրոնում բացվեց զինվորների ձեռքի աշխատանքների ցուցահանդես

Հայրենիքի պաշտպանի կենտրոնում բացվեց զինվորների ձեռքի աշխատանքների ցուցահանդես

Երևանում գտնվող Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բացվեց վերականգնողական բուժում ստացող զինվորների ձեռքի աշխատանքների բարեգործական ցուցահանդես-վաճառքը: Ներկայացված աշխատանքները թիթեռներով կոմպոզիցիաներ են, որոնց վաճառքից ստացված ամբողջ հասույթը զինվորները փոխանցելու են Զինվորի տանը:

«Տղաներն իրենց ձեռքով արվեստ են ստեղծել և ես պատահական չեմ ասում այդ բառը: Նրանք ստեղծել են գեղեցիկ գործեր՝ կարողանալով հաղթահարել ժամանակավոր  տկարությունը: Սա հիշարժան միջոցառում է, և կարևոր չէ, թե որքան գումար կհավաքվի, պարզապես այս ներդրումն անգնահատելի է: Նախկինում ևս այս ավանդույթը եղել է, տղաները տղաների համար մոտեցումն է գործում: Բարի ավանդույթ է, որը պետք է շարունակել համատեղ ուժերով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ պետության կողմից տղաների առողջության ու սոցիալական երաշխիքների համար ՀՀ կառավարությունն անում է առավելագույնը:  

«Մենք շատ կարևորում ենք հետագայում ձեր ներգրավվածությունը աշխատանքի, կրթության մեջ: Այն միջավայրը, որ այսօր տեսնում ենք, այն ինչ ստեղծում եք, անում եք, մեզ պարտավորեցնում է լինել ավելի ուժեղ: Վստահ եմ, որ ավելի լավ երկիր ենք կերտելու նաև ի հիշատակ այն տղաների, որոնք իրենց կյանքը չեն խնայել հանուն Հայրենիքի»,-ասաց նախարարը:

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը նշեց, որ սա մի մեծ ցուցահանդեսի փոքր այցեքարտն է: Զինվորի տանն առաջիկայում մեծ սենյակ կբացվի, որտեղ տղաները կուսումնասիրեն կավագործություն, քանդակագործություն, տարբեր ուղղություններով կզարգացնեն իրենց հմտությունները:

Հաշմանդամություն ունեցող զինծառայող Սեյրան Սողոյանն էլ շնորհակալություն հայտնեց նախաձեռնողներից՝ ընդգծելով, որ յուրաքանչյուրի ներկայությունն իրենց համար կարևոր է:

«Տղաներն իրենց հոգին դրել են ամեն մի ստեղծագործության մեջ: Շնորհակալություն աջակցողներին: Այս ամենով, փորձում ենք ցրվել պատերազմի վատ հիշողություններից»,- ասաց նա:

  • Կիսվել: