երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանում պետք է ունենանք ռազմական արդյունաբերություն. պաշտպանության նախարար

Հայաստանում պետք է ունենանք ռազմական արդյունաբերություն. պաշտպանության նախարար

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր կրկին անդրադարձավ Զինված ուժերի բարեփոխմանը՝ թե հետպատերազմյան ժամանակահատվածում Պաշտպանության բոլոր նախարարները խոսել են դրա անհրաժեշտության մասին, խոսել են այն մասին, որ հայեցակարգ է մշակվում, սակայն մինչև այս պահը հայեցակարգի հետ կապված որևէ տեղեկություն չկա:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, թե 2021-ին հաստատված է պաշտպանական գերատեսչությունում բարեփոխումների իրականացման ճանապարհային քարտեզը, որը ենթադրում է, որ կլինի հայեցակարգի մշակում, որը 2021-ի ավարտին արդեն իսկ մշակված է եղել ու պատրաստ է եղել շրջանառության, բայց բովանդակությունն այդքան էլ իր համար ընդունելի չի եղել:

«Ես այդ աշխատանքով բավարարված չեմ ու հետ եմ ուղարկել վերախմբագրման: Աշխատանքի արդյունքները առաջիկայում կամփոփվեն, այն գաղտնի չէ, հնարավոր է մասնակցել քննարկումներին, ՊՆ-ն բաց է», - ասաց նա:

Նախարարի խոսքով՝ առաջիկայում շրջանառության մեջ կդնեն «Պաշտպանության նախարարության կառուցվածքի փոփոխության մասին» նախագիծը ու բաց են լսելու առաջարկներ ու քննադատություններ:

Տիգրան Աբրահամյանը հետաքրքրվեց նաև Ռազմարդյունաբերության կոմիտեից՝ նշելով, որ մեկ տարի երեք ամիս է, ինչ կոմիտեն ղեկավար չունի:

«Տարօրինակ իրավիճակ է ստեղծված, այս կարևոր կոմիտեի ղեկավարի պաշտոնում մեկ տարուց ավելի է` որևէ մարդ չի նշանակվում», - նշեց նա:

Պապիկյանն էլ ասաց, որ, այո, Ռազմարդյունաբերության կոմիտեն շատ կարևոր է ու այն տեղափոխելով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ խնդիր են ձևակերպել, որ Հայաստանում պետք է ունենանք ռազմական արդյունաբերություն:

«Այսինքն` ՊՆ-ն պետք է հանդիսանա պատվիրատու ու հիմնական շահառու, բայց մնացած պրոցեսները պետք է իրականացվեն մյուս նախարարությունում», - նշեց նա:

Ինչ վերաբերում է կոմիտեի նախագահին, ապա, Պապիկյանի խոսքով, այդ պաշտոնում պետք է նշանակվի փորձառու մարդ, որ սխալներ չլինեն:

  • Կիսվել: