երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանում նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ

Հայաստանում նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ

Հայաստանում նախատեսվում է 2021 թ. օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպորտային պարտակա­նություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպոր­տային միջոցներ:

Որոշման նախագիծը հրապարակվել է e-draft.am կայքում:

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով և «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով` Կառավարությունը որոշում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2021 թվականի օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը:

Վարժական հավաքներին կներգրավեն ընդհանուր մինչև 2169 քաղաքացու, որոնցից 1164-ը՝ շարքային կազմի, 254-ը` ենթասպայական կազմի, 751-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ մոտոհրաձգային, հրթիռահրետանային, կապի, հետախուզական, ինժեներական մասնագիտություններով:

Վարժական հավաքների ապահովման համար՝ երեք ամիս ժամկետով` 2021 թվականի օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը, ռազմատրանսպորտային պարտակա­նություններ ունեցող մարմիններից կներգրավվի ընդհանուր մինչև 110 միավոր տրանս­պորտային միջոց՝ համաձայն հավելվածի:

Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման, նրանց հետ կնքված պայմանագրի համաձայն ըստ անհրաժեշտության մարտական հերթապահության ներգրավման նպատակով:

«ՀՀ առողջապահության նախարարին՝ ապահովել վարժական հավաքներին ներգրավվող պահեստազորայինների բուժհետա­զոտումը ըստ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների: Թույլատրել ՀՀ պաշտպանության նախարարին՝ վարժական հավաքների անցկացման ժամկետում անհրաժեշտությունը վերանալու դեպքում վարժական հավաքներին ներգրավված քաղա­քա­ցիներին ժամկետից շուտ արձակել պահեստազոր, իսկ ներգրավված տրանսպորտային միջոցները վերադարձնել ռազմա­տրանսպորտային պարտակա­նություններ ունեցող համապատասխան մարմիններին»,- ասված է նախագծի տեքստում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: