հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ԶՈՒ գործող զինծառայողն արժանանում է ՀՀ Ազգային հերոսի կոչման. վարչապետ

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ԶՈՒ գործող զինծառայողն արժանանում է ՀՀ Ազգային հերոսի կոչման. վարչապետ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Սարդարապատի հուշահամալիրում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգեւատրեց Տավուշի հաղթական մարտերի հերոսներին։

Արարողությանը մասնակցում են Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՀ նախագահը, Ազգային ժողովի նախագահը, Կառավարության անդամները, բարձրաստիճան և այլ զինվորականներ:

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասաց. ՛՛Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում, որն օսմանյան բանակի նկատմամբ հայ ժողովրդի տարած փառապանծ հաղթանակի խորհրդանիշն է, այսօր հավաքվել ենք բացառիկ առիթով:

ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ԶՈւ միանգամից 55 գործող զինծառայող պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով, 16 զինծառայող՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:

Իրադարձությունը բացառիկ է նրանով, որ պարգևատրվողներից 24-ն այստեղ ներկա են, և շքանշաններն անձամբ նրանց հանձնելու պատիվն եմ վայելելու: Մյուս պարգևատրվածներն անձամբ ներկա չեն, քանի որ այս պահին էլ իրականացնում են Հայաստանի սահմաններն ու անվտանգությունը պաշտպանելու իրենց ծառայությունը:

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ԶՈՒ գործող զինծառայողն արժանանում է Հայաստանի Ազգային հերոսի կոչման:

Հայոց բանակի կապիտան Ռուբեն Սանամյանին կհանձնեմ Հայրենիքի շքանշանը, իսկ արդեն վաղը նա սովորականի նման ծառայությունը կշարունակի իր զորամասում:

Հենց սրանում է այսօրվա իրադարձության ամենակարևոր առանձնահատկությունը: Մեր պատմության մեջ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիրների մեծ մասը պարգևատրվել են հետմահու: Ազատամարտի, ԶՈւ հետ առնչություն ունեցող մեր բոլոր Ազգային հերոսները պարգևատրվել են հետմահու:

Պատմության մեջ առաջին անգամն է, երբ Հայաստանի Ազգային հերոս զինվորականը, սպան իր շքանշանը ստանում է անձամբ՛՛:

Վարչապետը հավելեց, որ այս իրադարձությունը վկայությունն է այն բանի, որ մեր ազտամարտի հերոսների՝ Մոնթե Մելքոնյանի, Թաթուլ Կրպեյանի, Մովսես Գորգիսյանի, Ջիվան Աբրահամյանի, Յուրա Պողոսյանի, Վազգեն Սարգսյանի գործը կենդանի է:

՛՛Այն ոչ միայն պատմություն է, այլև այսօրվա և վաղվա չընդհատվող իրադարձություն՝ կոնկրետ գործող անձանցով, ժամով, տեղով՛՛,-նշեց Փաշինյանը:

 

  • Կիսվել: