ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանի ՀՕՊ զորքերը գործի կդրվեն կառավարության որոշումներին համապատասխան․ Սարգսյան

Հայաստանի ՀՕՊ զորքերը գործի կդրվեն կառավարության որոշումներին համապատասխան․ Սարգսյան

ՀՕՊ միջոցները, որոնք օգտագործում են համապատասխան զորատեսակները, պետք է կիրառվեն այն կարգին համապատասխան, որը կսահմանի կառավարությունը։ Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում  պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ մտցնելու մասին օրինագծի քննարկման ընթացքում, ասաց հանրապետության պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի Հակաօդային պաշտպանության ուժերը անվտանգության սպառնալիքի կամ հանրապետության նկատմամբ  ցանկացած այլ թշնամական գործողության դեպքում իրավունք ունեն ուղեկցել եւ անգամ հարկադրել ինքնաթիռին կամ ցանկացած այլ թռչող միջոցի կամ սարքի վայրէջք կատարել։ Վայրէջքը կարող է իրականացվել կամ օդանավակայանի տարածքում, կամ ցանկացած այլ համապատասխան հարթակում։

«Դե, իսկ եթե ինքնաթիռը կամ ցանկացած այլ թռչող սարքը շարունակի թռիչքը՝ անտեսելով Հակաօդային պաշտպանության ուժերի պահանջները, ապա այդ դեպքում ՀՕՊ զորքերի ստորաբաժանումներն իրենց իրավունք են վերապահում ոչնչացնել նշված թռչող օբյեկտը»,- նշեց Սարգսյանը։

Այսպիսով, օրենքում փոփոխություններ մտցնելու, ինչպես նաեւ կառավարության որոշման շնորհիվ երկրի իշխանությունները կանոնակարգում են հակաօդային պաշտպանության ապահովման, համապատասխան սպառազինության եւ մարտական տեխնիկայի կիրառման կարգը ռազմական ավիացիայի կողմից՝ պետական սահմանի պաշտպանությունն իրականացնելիս հնարավոր ահաբեկչական սպառնալիքը Հայաստանի պետական սահմանի օդային տարածքի սահմաններում չեզոքացնելու համար։

Համազեկուցող եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը պարզաբանեց, որ օրենքում ամեն բան գրված է։

«Հայաստանի պետական սահմանի խախտման դեպքում ՀՕՊ ուժերը իրավունք ունեն կիրառել հակաօդային պաշտպանության անհրաժեշտ միջոցները։ Այնուամենայնիվ, այդ միջոցների օգտագործման կարգը այդպես էլ չի սահմանվել»,- տեղեկացրեց խորհրդարանականը։

Կարճատեւ քննարկումներից հետո օրինագիծն ստացավ խորհրդարանական մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։

  • Կիսվել: