ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայ-ռուսական համատեղ վարժանքը որեւէ մեկին ուղղված ուղերձ չէ

Հայ-ռուսական համատեղ վարժանքը որեւէ մեկին ուղղված ուղերձ չէ

Հայ-ռուսական համատեղ զորավարժությունը որևէ մեկին ուղղված ուղերձ չէ, հայտարարել է միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը:

Նա հայտնել է, որ զորավարժություններն անցկացվում են մարտական պատրաստության համատեղ ծրագրի շրջանակներում, որը պատրաստվել էր դեռ տարեսկզբին ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի հետ համատեղ:

Փարվանյանի խոսքով ՝ ներկայումս ընթանում է հայ-ռուսական համատեղ զորավարժությունների կրակային փուլը ։ Զորավարժության սցենարի համաձայն ՝ պայմանական հակառակորդը խախտել է սահմանն ու ներթափանցել Հայաստանի տարածք: Համատեղ խմբավորումը հետ է մղել հակառակորդին ՝ վերականգնելով սահմանը։

Փարվանյանը տեղեկացրել է, որ համատեղ զորավարժություններին մասնակցում են 1500-ից ավելի զինծառայողներ, շուրջ 300 միավոր ռազմական տեխնիկա, զորավարժություններին ներգրավված են հայկական ստորաբաժանումներ տարբեր բանակային կորպուսներից, 102-րդ ռուսական ռազմակայանի ստորաբաժանումներից եւ սահմանապահ զորքերից:

Ըստ խմբավորման հրամանատարի ՝ զորավարժությունների ընթացքում խաղարկվել են նոր տարրեր, որոնք դեռևս հրապարակման ենթակա չեն ։

Խոսելով զորավարժությունների կարևորության և գործնական նշանակության մասին ՝ Տիգրան Փարվանյանն ընդգծել է հայկական ստորաբաժանումների, ռուսական ռազմակայանի և սահմանապահ ուժերի միասնական հրամանատարության ներքո համակարգված գործողությունների անհրաժեշտությունը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-25-ը "Ալագյազ" զորավարժարանում "Կովկաս-2020" ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակներում անցկացվում է ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի ստորաբաժանումների եւ ՀՀ պաշտպանության նախարարության մարտական մարտավարական գործողությունների խաղարկությունը:

"Կովկաս-2020" ռազմավարական հրամանատարաշտաբային վարժանքն անցկացվում է 2020 թվականի սեպտեմբերի 21-26 - ը Հարավային ռազմական օկրուգի ներքին հրաձգարաններում, ինչպես նաեւ սեւ եւ Կասպից ծովերի ջրատարածքներում:

 

  • Կիսվել: