ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հաշմանդամություն ստացած պայմանագրային զինծառայողները, սպաները ևս կկարողանան օգտվել անվճար կրթության իրավունքից

Հաշմանդամություն ստացած պայմանագրային զինծառայողները, սպաները ևս կկարողանան օգտվել անվճար կրթության իրավունքից

ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ներկայացրել է օրենքի նախագիծ, որով առաջարկում է, որ 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ստացած պայմանագրային զինծառայողները, սպաները, ինչպես նաև երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցած անձինք ևս կարողանան օգտվել անվճար բարձրագույն կրթության իրավունքից:  Աբրահամյանը «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

«Նախագիծը վերաբերում է զինծառայողների կրթության իրավունքի իրացմանը: Գործող օրենքը սահմանում է, որ մարտական խնդիր կատարելիս, եթե պարտադիր ժամկետային զինծառայողը ստանում է առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն, ապա նա կարողանում է օգտվել անվճար կրթության իրավունքից: Ես առաջարկել եմ, որ դա վերաբերվի ոչ միայն պարտադիր ժամկետային զինծառայողներին, այլ նաև պայմանագրային անձնակազմին՝ այդ թվում նաև սպաներին»,-ասաց Աբրահամյանը:

Երկրորդ փոփոխությամբ պատգամավորն առաջարկում է հնարավորություն տալ նաև երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող սպաների: Աբրահամյանը պարզաբանեց այս փոփոխությունն այն սպաներին է վերաբերում, որոնք  20 տարվա ծառայությունն արդեն ավարտվել են և երկարամյա զինվորական կենսաթոշակի իրավունք են ստացել, դա պայմանական լինում է 36-37 տարեկանում: Ըստ նրա՝ այդ անձանց քաղաքացիական կյանք մտնելու համար անհրաժեշտություն կա ապահովել որոշակի պայմաններով, նրանք մագիստրատուրա, ասպիրանտուրա սովորելով, քաղաքացիական մասնագիտություն ստանալով ապրուստի շատ ավելի լավ պայմաններ կունենան:

Կառավարությունն առաջին առաջարկի առնչությամբ ոչ միայն դրական եզրակացություն է տվել, այլ նաև առաջարկել է ընդլայնել շահառուների ցանկը:«Առաջին և երկրորդ խմբի զինհաշմանդամներին պետք է տալ այս հնարավորությունը, որ իրենք ուսումնառությունը շարունակեն, և այս օրենքի հնարավորությունը չտարածվի միայն ժամկետային զինծառայողների վրա»,-ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ իրենց վիճակագրությամբ խոսքը շուրջ 1600 պայմանագրային զինծառայողի մասին է, որոնք ունեն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն:

Ինչ վերաբերվում է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող սպաներին այդ հնարավորությունը տալուն՝ Սարգսյանն ասաց, որ կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ այդ փոփոխությունից: «Այս տրամաբանության մեջ զբաղվածության կենտրոններից պարբերաբար այցելել են զորամասեր, շփվել զորացրման ենթակա սպաների հետ, հետաքրքրվել այն ոլորտներից, որոնցով նրանք հետաքրքրված են և դրանցով նախատեսել են այդ մասնագիտական վերապատրաստումները, և պետությունն այդ ողջ ծախսը վերցրել է իր վրա»,-ասաց Սարգսյանը:

Ըստ կառավարության՝ երկարամյա ծառայության համար զորացրվածներին արդեն իսկ օրենքի կարգավորման դաշտում տրված է այդ հնարավորությունը: Աբրահամյանը, սակայն այդ վերապատրաստումները բավարար չհամարեց, նկատեց՝ օրենքը սահմանում է, բայց դրա համար կառավարության որոշում չկա: Սակայն, պատգամավորը, անդրադառնալով նախագծի երկրորդ հատվածը փոփոխելուն, ասաց, որ, եթե ՊՆ-ն պատրաստ է քննարկել ճանապարհները, պատրաստ է հետաձգել, դրա շուրջ աշխատել: Աբրահամյանն առաջարկեց հանձնաժողովում այս տարբերակով քվեարկել, հետո աշխատել նախագծի շուրջ: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկեց նախագիծն ընդունել՝ վերապահումներով, փորձել կառավարության ներկայացրած առաջարկներով գտնել լուծումներ, առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ լուծել առաջացած տարաձայնությունները:

Քվեարկությամբ առաջարկն ընդունվեց:

  • Կիսվել: