հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հաշմանդամության սահմանման գործընթացում հիմնադրամը որևէ ներգրավվածություն չունի. պարզաբանում

Հաշմանդամության սահմանման գործընթացում հիմնադրամը որևէ ներգրավվածություն չունի. պարզաբանում

Հաշվի առնելով վերջին շրջանում զինհաշմանդամության խմբի վերանայման վերաբերյալ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (ԶԱՀ) շահառուների անհանգստությունը և մտահոգությունը՝ ցանկանում ենք պարզաբանել, որ  հաշմանդամության սահմանման գործընթացում հիմնադրամը որևէ ներգրավվածություն չունի՝ ըստ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի։

ԶԱՀ-ը հատուցում է տրամադրում մարտական գործողությունների հետևանքով զոհված, անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամներին, ինչպես նաև 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին։ Հատուցումները տրամադրվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի (ԲՍՓՀ) որոշման արդյունքում շահառուի հաշմանդամության խմբի տրամադրման կամ վերանայման վերաբերյալ տեղեկանքի հիման վրա։ 

Զինհաշմանդամության խմբի վերանայման դեպքում, օրինակ՝ 2-րդ խմբից 3-րդ խմբի վերանայում, շահառուն դադարում է հատուցում ստանալ օրենքի համաձայն։ Ընդ որում, եթե անձը համաձայն չէ ԲՍՓՀ կայացրած որոշման հետ, ըստ գործող օրենսդրության, կարող է բողոքարկել այն՝ վարչական կամ դատական կարգով։ 

Միևնույն ժամանակ, զինհաշմանդամություն ունեցող անձը ցանկացած պահի, եթե համարում է, որ իր առողջական վիճակը վատթարացել է, կարող է դիմել (ԲՍՓՀ) կրկին բժշկասոցիալական փորձաքննություն անցնելու նպատակով (հաշմանդամության խմբի վերանայման նպատակով)։ 

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը, հաշվի առնելով շահառուների շրջանում առկա մտահոգությունները, կհամագործակցի բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ հասարակության և մասնավորապես շահառուների շրջանում թեմայի շուրջ տեղեկացվածության բարձրացման ուղղությամբ։ 

Հավելյալ տեղեկությունների համար․

 

Հաշմանդամության խմբերի վերաբերյալ հարց ու պատասխան՝ www.mlsa.am/?page_id=1317 

ՀՀ Կառավարության N 276-Ն որոշում՝ www.arlis.am/documentview.aspx?docid=98229 

Մեր մասին 

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» (ԶԱՀ) շահույթ չհետապնդող` պետական գործառույթներով օժտված իրավաբանական անձ է, որի հիմնադիրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն է։ Այն ստեղծվել է 2017թ․ ապրիլյան քառօրյայից հետո հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ բացակայող, զինհաշմանդամության 1-ին և 2-րդ խմբի մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:  

ԶԱՀ-ի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրաբերություններից, որոնք ստանում ենք աշխարհասփյուռ հայությունից։ 

 Մեր սկզբունքներից է թափանցիկությունը, որը ապահովում ենք կայքում հրապարակելով Հիմնադրամին կատարված բոլոր նվիրաբերությունները և պարտադիր վճարները, ինչպես նաև կատարված բոլոր հատուցումները։  

Մենք նաև որդեգրել ենք արդարության սկզբունքը․ մենք հատուցումներ ենք տրամադրում հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված, անհայտ բացակայող զինվորների ընտանիքներին, ինչպես նաև հաշմանդամություն 1-ին ու 2-րդ խումբ ձեռք բերած զինվորներին անկախ նրանց սոցիալական հնարավորություններից և դիրքից։

  • Կիսվել: