շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հանձնարարական է եղել, որ այդ օրերին տեղաշարժ չիրականացնեն, նաև կա վարկած, որ շատ է եղել արտաքին ճնշումը. Պապիկյանը՝ ձյան տակ մնացած զինծառայողի մահվան դեպքի մասին

Հանձնարարական է եղել, որ այդ օրերին տեղաշարժ չիրականացնեն, նաև կա վարկած, որ շատ է եղել արտաքին ճնշումը. Պապիկյանը՝ ձյան տակ մնացած զինծառայողի մահվան դեպքի մասին

Այսօր ԱԺ-ում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձավ հունվարի 13-ին Բենիամին Խաչատրյանի՝ ձնահյուսի տակ մնալու հետևանքով մահվան դեպքին։

՛՛Կորպուսի վերադաս հրամանատարության կողմից եղել են գրավոր հանձնարարականներ որևէ տեղաշարժ չիրականացնել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սակայն պարտականությունների կատարման թերացումների պատճառով տեղի է ունեցել դժբախտ պատահար՛՛,-նշեց նա:

Պապիկյանն ասաց՝ անուններ և պաշտոններ այս պահին չի հնչեցի, քանի որ կատարվածի ամբողջական պատկերը պարզ կդառնա ծառայողական ամբողջական քննությունից և քննչական գործողություններից հետո, սակայն սա չի կարող չունենալ պատասխանատուներ։

՛՛Բանակային կորպուսի տարածքում ունեցել ենք 5 զինծառայող, որոնց ծառայության ժամկետն ավարտվել էր, սակայն եղանակային բարդ պայմանների պատճառով 5-ից 4-ը մնացել են իրենց դիրքերում, միայն 2 օր անց է հնարավոր եղել իջեցնել և պատշաճ զորացրել։

Այս դեպքի առնչությամբ կա վարկած, որ շատ է եղել արտաքին ճնշումը։ Պետք է հորդորեմ մեր քաղաքացիներին, զինվորների հարազատներին՝ բոլոր դեպքերում զերծ մնալ ԶՈւ սպաների նկատմամբ անհարկի պահանջներից՝ ստիպողական կամ զգայական վարքագծով նրանց ստիպել կատարել պարտականություններ, որ իրավունք չունեն կատարելու՛՛,- ասաց նախարարը։

Նա նշեց, որ հատուկ տեխնիկայի օգնությամբ մի խումբ գնացել է ընդառաջ զինծառայողին, սակայն եղանակային պայմանները թույլ չեն տվել մոտենալ դիրքին, զինծառայողը եկել է ընդառաջ, սակայն ճանապարհին ձնահյուսի տակ է մնացել։

Պապիկյանը նաև նշեց այն փաստը, որ այս պահին գործ ունենք երեք տարվա ընթացքում ձևավորված առաջնագծի հետ, որտեղ ոչ բոլոր ուղղություններն են հայտնի որպես ձնահյուսի պոտենցիալ հատվածներ, լինում են բնության անկանխատեսելի իրավիճակներ։

՛՛Այս պահին կան 200-ից ավելի դժվարամատչելի դիրքեր, որոնք պարբերաբար փակվում են բքի և ձնահյուսի պատճառով։ Կան նաև շուրջ մեկ տասնյակի հասնող դիրքեր, որտեղ բոլոր եղանակային պայմաններում, այդ թվում՝ ամռանը, մեքենայով հնարավոր չէ հասնել, ուստի սննդի մատակարարումը, նաև զինծառայողների տեղաշարժն իրականացվում է հետիոտն կամ այլ մեխանիզմներով՛՛,-ասաց Պապիկյանը:

  • Կիսվել: