չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղից չորս հայորդի սեպտեմբերի 13-ին հերոսաբար զոհվել են հայրենի երկրի սահմանները պաշտպանելիս

Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղից չորս հայորդի սեպտեմբերի 13-ին հերոսաբար զոհվել են հայրենի երկրի սահմանները պաշտպանելիս

Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղից չորս հայորդի 2022 թվականի սեպտեմբերի 13-ին հերոսացել են հայրենի երկրի սահմանների պաշտպանական մարտերի ժամանակ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ակունքի միջնակարգ դպրոցի տնօրեն Լուսինե Ավագյանը, նրանք բոլորն էլ պայմանագրային զինծառայողներ էին եւ երկար տարիներ իրենց նպաստն էին բերել հայրենի երկրի սահմանների պաշտպանությանը եւ մեր երկրի անվտանգության ապահովմանը։ Նրանք են՝ Վեմիր Կամսարի Հարությունյանը, Շահեն Վարդգեսի Գասպարյանը, Վարազդատ Ռոբերտի Վարդանյանը եւ Արայիկ Գրիգորի Հովհաննիսյանը։ Շահեն Գասպարյանի աճյունն ամփոփված է Ակունքի Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների պանթեոնում, մյուս երեք հերոսների աճյունները՝ Ակունքի գերեզմանատանը։

«Մեր քաջերից Վեմիր Կամսարի Հարությունյանը ծնվել է 1995 թվականին, Արցախյան առաջին պատերազմի մասնակից, ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի չորրորդ գումարտակի նախկին հրամանատար, Ճամբարակի նախկին զինկոմ, Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ անօրինակ սխրանքներով աչքի ընկած Կամսար Հարությունյանի ընտանիքում։ Որդին էլ գնաց առյուծ հոր ընտրած ճանապարհով ու փառքի հերթական էջը գրեց մեր գյուղի հերոսական պատմության մեջ։ 2001- 2013 թվականին նա սովորել է Ակունքի միջնակարգ դպրոցում, հաճախել բռնցքամարտի եւ կարատեի խմբակների։ Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Երեւանի ֆիզկուլտուրայի ինստիտուտում։ Ուսումը կիսատ թողնելով՝ 2013 թվականի հուլիսին Վեմիրը զորակոչվում է բանակ։Ծառայել է Քանաքեռի հատուկ նշանակության զորամասում, որպես հատուկ ջոկատային։ Զորացրվելուց հետո շարունակում է ուսումը։ 2017թվականին Վեմիրը որոշեց անցնել պայմանագրային զինվորական ծառայության։ Կյանքում Վեմիրը շատ բարի, պարզ , կարեկցող մարդ էր, նպատակասլաց եւ եռանդով լեցուն։Ցանկացած իրավիճակում նա լավատես էր, կատակասեր, արագ գտնում էր դժվարին իրավիճակներից դուրս գալու ելքը։ Նա ընկավ հերոսի մահով սեպտեմբերի 13-ին, թշնամու կողմից սանձազերծված ռազմական գործողությունների արդյունքում՝ ժամեր շարունակ միայնակ կռիվ տալով թշնամու մեծաքանակ եւ սպառազեն ուժերի դեմ։

Շահեն Վարդգեսի Գասպարյանը ծնվել է 1982 թվականի մայիսի 17-ին։ 1988-1996 թվականներին հաճախել է Վարդենիսի թիվ 4 հիմնական դպրոց, ապա ուսումը շարունակել Վարդենիսի ուսումնարանում։ Հայոց բանակի շարքերում ծառայել է 2000 թվականից, իսկ զորացրվելուց անմիջապես հետո անցել է պայմանագրային զինծառայության։ Սեպտեմբերի 13-ին լրանում էր նրա զինծառայութան 20 տարին։ Շահենը մասնակցել է նաեւ Արցախյան քառօրյա եւ քառասունչորսօրյա պատերազմներին, արժանացել պետական պարգեւների եւ խրախուսանքների։Նա ամուսնացած էր, ուներ 3 երեխա։Աշխատասեր էր, շատ էր սիրում իր ընկերներին, միշտ պատրաստ էր օգնել նրանց։

Վարազդատ Ռոբերտի Վարդանյանը ծնվել է 1995 թվականի նոյեմբերի 4-ին։2002-2010 թվականներին հաճախել է Վարդենիսի թիվ 4 հիմնական դպրոց, որից հետո ուսումը շարունակել Վարդենիսի քոլեջում`եռակցողի մասնագիտությամբ։ 2013 թվականին զինվորական ծառայության է անցել Հադրութում։ Զորացրվել է 2015 թվականին։

Ծառայությունն ավարտելուց հետո մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։

Հայրենիք վերադառնալուց հետո, 2019 թվականի նոյեմբերին, անցել է պայմանագրային զինծառայության։ Մեր առյուծասիրտ Վարազդատը մասնակցել է նաեւ Արցախյան 44-օրյա պատերազմին` ստացել «Քաջարի մարտիկ» շքանշան։ Նա մեծ սիրով էր բարձրանում դիրքեր։Երբեք չէր մտածում թողնել զինվորական ծառայությունը, եւ դժկամությամբ էր արձագանքում ծառայությունը թողնելու առաջարկներին։

Արայիկ Գրիգորի Հովհաննիսյանը ծնվել է 1978 թվականի հուլիսի 18-ին։ 1985-1995 թվականներին հաճախել է Վարդենիսի թիվ 4 հիմնական դպրոց։ Բանակում չի ծառայել, քանի որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ զոհվել էր նրա եղբայրը` Հովհաննեսը։ Լինելով միակողմանի ծնողազուրկ` թոշակառու տատի եւ մոր հոգսերը հոգում էր Արայիկը։ Տարիներ հետո` 2008 թվականին, նա որոշում է անցնել պայմանագրային զինծառայության։ Մանուկ հասակից սիրում էր երաժշտությունը։ Հաճախում էր դհոլի խմբակ։ Ամուսնացած էր, ուներ 3 երեխա` 2 դուստր եւ 1 տղա։

Ակունքը սրտի անհուն կսկիծով, բայց մեծ հպարտությամբ դեպի հավերժություն ճանապարհեց իր աննման ու հերոս զավակներին։ Հավելեմ, որ Արցախյան առաջին պատերազմում Ակունքը տվել է 7, 44-օրյա պատերազմի ժամանակ՝ եւս նույնքան զոհ։ Բոլորն էլ առյուծասիրտ, հայրենանվեր այրեր էին, որոնց սխրանքների գնով միայն կանգուն մնաց մեր հայրենիքը։ Խոնարհվում ենք բոլորի սուրբ շիրիմների առաջ»,-ներկայացրեց Լուսինե Ավագյանը։

  • Կիսվել: