շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գեղարքունիքի ԵԿՄ մարզային կառույցը նոր ղեկավար ունի

Գեղարքունիքի ԵԿՄ մարզային կառույցը նոր ղեկավար ունի

Կայացավ ԵԿՄ Գեղարքունիքի մարզային բաժանմունքի ընդհանուր ժողովը, որի օրակարգում լսվեց ԵԿՄ Գեղարքունիքի մարզային բաժանմունքի ղեկավարի ընտրության հարցը:

Ժողովին ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Քվեարկության արդյունքում ԵԿՄ Գեղարքունիքի մարզային կառույցի ղեկավար ընտրվեց Հենրիկ Սուքիասյանը: ԵԿՄ այսօրվա անելիքների եւ առաջիկա ծրագրերի, դերի եւ կարևորության մասին խոսեցին ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:


«ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն ասաց. ԵԿՄ-ն ստեղծեց Սպարապետ Վազգեն Սարգսյանը, եւ նրա շնորհիվ հնարավոր եղավ ջոկատների համախմբումն ու հայրենիքի սահմանների ընդլայնումը: Մենք պետք է գիտակցենք, որ եթե չլիներ Սպարապետը, գուցե մենք ձեր նման տղերքի շնորհիվ չկարողանայինք ծնկի բերել մեր թշնամուն: Ես գլուխ եմ խոնարհում մեր բացակա ընկերների, զոհված եղբայրների եւ նրանց ընտանիքների առջև, որ կարողացան մեծ փառքով հաղթանակ կերտել: Մենք սկսելու ենք այնտեղից, որտեղից Վազգենի սիրտն է կանգ առել, եւ ոչ մի րոպե իրավունք չունենք միասնական եւ ուժեղ չլինել՝ հանուն մեր երկրի խաղաղության եւ հայրենիքի սահմանների պաշտպանության»:

Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Նա, մասնավորապես, նշեց. «Իմ պատկերացմամբ՝ երկրապահը պետք է միշտ առաջնորդվի ,հանունե-ով՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն հայրենիքի, ինչպես եղել է ժամանակին, երբ բոլորդ եք գնացել, հանուն հայրենիքի կռվել, կորցրել առողջություն եւ ձեռք բերել մի շարք խնդիրներ: Ես իմ խոնարհումն եմ բերում այդ հայրենանվեր գործի համար եւ, որպես ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ներողություն եմ հայցում, որ դուք ունեք բազմաթիվ չլուծված խնդիրներ՝ կապված առողջության, անձնական, ընտանեկան եւ այլ հարցերի հետ: Նման խնդիրների առկայության դեպքում Գեղարքունիքի մարզպետարանը եւս պատրաստակամ է՝ օրենքի եւ իր լիազորությունների շրջանակներում աջակցել ձեզ՝ դրանց կարգավորման համար: Դա նաեւ մեր պարտքն է: Շնորհավորում եմ ԵԿՄ Գեղարքունիքի մարզային կառույցի նորընտիր ղեկավարին , բոլորիդ՝ Ամանորի առթիվ, եւ թող 2020 թվականը մեր ազգի համար լինի առողջության, երջանկության եւ նոր ձեռքբերումների տարի»:

ԵԿՄ վարչության Գեղարքունիքի մարզային կառույցի ղեկավար Հենրիկ Սուքիասյանն էլ ասաց. «Շնորհակալ եմ այս ծանր եւ պատասխանատու գործն ինձ վստահելու համար: Կար ժամանակ, որ հայ ժողովուրդը հավատում էր երկրապահին եւ մեծ վստահություն ուներ նրա հանդեպ: Սակայն եկավ մի ժամանակաշրջան, որ թուլացավ այդ կառույցը: Ես հույս եմ հայտնում, որ մենք կրկին կմիավորվենք, մի բռունցք կդառնանք եւ կկանգնենք մեր բանակի ու պետության կողքին: Մենք պարտավոր ենք հզորանալ եւ դասվել հզոր պետությունների շարքը»:

  • Կիսվել: