կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ես չեմ կարծում, որ ՀԱՊԿ-ում ադրբեջանամետ պետություններ են. Սեյրան Օհանյան

Ես չեմ կարծում, որ ՀԱՊԿ-ում ադրբեջանամետ պետություններ են. Սեյրան Օհանյան

Այնպես չէ, որ մենք բոլորս շատ գոհ ենք ՀԱՊԿ-ի գործողություններից. ՀԱՊԿ-ը ի տարբերություն ՆԱՏՕ-ի, համեմատաբար նոր կառույց է եւ որոշումների ընդունման ընթացակարգերը, գործողությունները, օպերատիվ արձագանքները դեռեւս կատարելագործման խնդիր ունեն, մանավանդ ՀՀ տարածքում, որը ՀԱՊԿ-ի ընդհանուր տարածքից կտրված է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Բայց դա չի նշանակում, որ մենք ՀԱՊԿ-ի անդամ չենք, չի նշանակում, որ ՀԱՊԿ-ի հետ չպետք է աշխատենք, չի նշանակում, որ չպետք է ՀԱՊԿ-ի հնարավորությունները,  հատկապեզ ռազմական բաղադրիչի զարգացման ուղղությամբ, օգտագործենք մեր ռազմական ներուժի բարձրացման համար»,-ասաց նա:

Օհանյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանում ՀԱՊԿ-ի զորավարժությունները ռազմական տեսանկյունից Հայաստանին օգուտ տալու էին. «Իհարկե տալու էր: Չնայած իշխանությունները հայտարարում են, որ բանակում բարեփոխումներ են իրականացնում: Միգուցե բանակում նորմեր են ձեւավորվել բարեփոխումներ իրականացնելու համար, բայց բարեփոխումներ դեռեւս չկա, որովհետեւ բանակի զարգացման հայեցակարգը գոյություն չունի: Այսօր պետության ներսում հրաժարվել զորավարժություններից, նշանակում է թույլ աշակերտին չսովորեցնել, որ իր գիտելիքները, ունակությունները բարձրացնի: Հրժարվել միջազգային զորավարժություններից, նշանակում է հրաժարվել այդ ուղղությամբ միջազգային փորձի փոխանակումից»,-ասաց նա:

Հարցին, թե ադրբեջանամետ պետությունների կազմակերպության կազմակերպած զորավարժությունը Հայաստանին ի՞նչ օգուտ էր տալու, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ ադրբեջանամետ պետություններ են: Իհարկե, այդ պետություններն ունեն հարաբերություններ Ադրբեջանի հետ: Ես չգիտեմ՝ Լուկաշենկոն ինչ է ասում, դա նշանակում է, որ ՀՀ իշխանություններն են բերել հասցրել այս վիճակին՝ երկակի գործողություններ իրականացնելով, երկակի խաղեր խաղալով: Տարիներ առաջ այդ զորավարժություններն անցկացվել են Հայաստանում եւ այլ երկրներում եւ ՀՀ Զինված ուժերը առաջատարներից մեկն են եղել»:

  • Կիսվել: