ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում բացվել է ուսանող ազատամարտիկներին նվիրված լսարան
Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում բացվել է ուսանող ազատամարտիկներ Սլավա Բադալյանին, Վաչագան Մանուկյանին, Աշոտ Խաչատրյանին և Նորայր Մարուքյանին նվիրված լսարան: Այս մասին հայտնում է ԵՊՀ պաշտոնական կայքը:
Սլավա Բադալյանը, Վաչագան Մանուկյանն ու Աշոտ Խաչատրյանը զոհվել են Արցախյան երկրորդ, իսկ Նորայր Մարուքյանն` Արցախյան առաջին պատերազմի ընթացքում:
«Նորայրը, Վաչագանը, Սլավան և Աշոտը տարբեր էին իրենց էությամբ, բնույթով ու բնավորությամբ, բայց նույնն էր նրանց երազանքը՝ կառուցել հզոր երկիր, ունենալ հզոր բանակ և երջանիկ ժողովուրդ: Սերունդներ են մտնելու համալսարան ու դուրս են գալու այս տաճարից մաքրագործված՝ որպես նվիրյալ զավակներ իրենց հողի ու հայրենիքի: Սերունդները հաջորդելու են միմյանց՝ իրենց թիկունքում զգալով սրբալույս տղաների գոտեպնդող և ոգի տվող հայացքները: Երևանի պետական համալսարանը տաճար է. աղոթենք, որ այս տաճարում նման սրբապատկերների թիվը երբևէ չավելանա »,- նշել է Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը:
Անմահացած ազատամարտիկներին նվիրված լսարանի բացմանը ներկա են գտնվել Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստյանը, ազատամարտիկ հերոսների ծնողները, ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, ֆակուլտետի դասախոսներ և ուսանողներ: