ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Էլ ոչ մի արտահերթ սուգ, ապօրինի էլ ոչ մի հրամանի կատարում, ոչ մի շարժ՝ բացի հառաջ մղվելուց․ Հովհաննիսյան

Էլ ոչ մի արտահերթ սուգ, ապօրինի էլ ոչ մի հրամանի կատարում, ոչ մի շարժ՝ բացի հառաջ մղվելուց․ Հովհաննիսյան

Օրինաչափ չեն մեր հայրենազրկումը, մեր երիտասարդ զինվորների եղերական նահատակությունը, իսկ դրանից հետո՝ փախուստը սեփական պատասխանատվությունից, Բանակին քավության նոխազի փոխակերպումը, առավել եւս՝ ոսոխի գործած եղեռնի աննախադեպ արդարացումը: Այս մասին Հայոց Բանակի 30-ամյակին նվիրված իր շնորհավորական ուղերձում նշել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի առաջին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ուղրեձում ասվում է.

«Երեսուն տարի առաջ՝ հայրենյաց Բանակի հիմնադրման օրը, ես ներկա էի՝ պաշտոնատար եւ հպարտ: Ներկա եմ նաեւ այսօր՝ քաղաքացի, խոնարհ ու հանձնառու:

Բոլոր եղանակներում մենք պիտի լինենք ներկա՝ մեր Բանակի կողքին եւ նրան կիպ ու զորավիգ:

Օրինաչափ չեն մեր հայրենազրկումը, մեր երիտասարդ զինվորների եղերական նահատակությունը, իսկ դրանից հետո՝ փախուստը սեփական պատասխանատվությունից, Բանակին քավության նոխազի փոխակերպումը, առավել եւս՝ ոսոխի գործած եղեռնի աննախադեպ արդարացումը:

Բանակը հայոց արժանապատվության չափն ու կշիռն է եւ՝ Հայաստանի Հանրապետության ու Արցախի ամբողջականության երաշխավորը:

Պետք է ոտքի կանգնել, վերակազմավորվել, համակ ուժ դառնալ, հերոսներին շունչ ու ավյուն տալ, կյանքի կոչել:

Էլ ոչ մի արտահերթ սուգ, ապօրինի էլ ոչ մի հրամանի կատարում, ոչ մի շարժ՝ բացի հառաջ մղվելուց:

Զորացում մեր Զինուժին, մեր բազկին: Սկզբի համար եղածը պահենք: Ամուր, սիրահոժար, ազգով մեկ: 30 տարեկան մեր բանակով միասին»:

  • Կիսվել: