կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Դավիթ Տոնոյանը պարզաբանել է, թե ովքեր են այն բանսարկուները՝ որոնց ցուցմունքների հիման վրա իր դեմ քրեական գործ է հարուցվել

Դավիթ Տոնոյանը պարզաբանել է, թե ովքեր են այն բանսարկուները՝ որոնց ցուցմունքների հիման վրա իր դեմ քրեական գործ է հարուցվել

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն, ով այժմ կալանավորված է պետությանը խոշոր չափի վնաս հասցնելու քրեական գործի մեղադրանքով՝ պնդում է, որ իր կալանավորումն ապօրինի է և քրեական գործը հարուցվել է բանսարկուների տված ցուցմունքների հիման վրա։

Պատասխանելով այն հարցին, թե ովքեր են բանսարկուները՝ Տոնոյանը մասնավորապես նշել է․

«Բանսարկուները նրանք են, ում տրամադրած տեղեկությունների հիման վրա հարուցվել է քրեական գործ, առաջադրվել է մեղադրանք, կալանավորվել են նախկին եւ գործող պաշտոնյաները։ Բանսարկուները նրանք են, ում զեկույցների հիման վրա, ինչպես նշվեց ԱԺ ամբիոնից, «քաղաքական կամք է դրսեւորվել էդ կարգի գործերի բացահայտման համար»»։

Տոնոյանի խոսքով՝ ընդ որում, նախաքննության ավարտից հետո չհաստատվեցին նախկին եւ գործող պաշտոնյաների, ԱԺ նախկին եւ գործող պատգամավորների փաստարկները, որոնք ուղիղ շահագրգռվածություն են ունեցել անձնապես իր դեմ վերոհիշյալ տեղեկությունների տրամադրման եւ զեկուցման հարցում․

«Նրանց անունները արժանի չեն հիշատակման, բացի դրանից՝ հիշյալ անձանց հայտարարությունները եղել են հրապարակային:

Անգամ եթե իմ դեմ անհիմն հարուցված քրեական գործը կարճվեր, ես, միեւնույնն է, պահանջելու էի բաց դատավարություն՝ հանրությանը նախաքննության անհիմն մեղադրանքները ներկայացնելու նպատակով։ Այժմ էլ նախաքննության ավարտից հետո, եթե մեղադրական եզրակացություն կկազմվի, եւ այն դատախազության կողմից հաստատվելով՝ գործը կուղարկվի դատարան, պահանջելու եմ դռնբաց, հրապարակային դատավարություն՝ իհարկե, հաշվի առնելով պետական ու ռազմական գաղտնիքի հետ կապված սահմանափակումները»։

Նախկին նախարարը հավաստիացնում է, որ մինչ այս պահն ինքը զսպվածություն է պահպանել քաղաքական գործընթացներում ներգրավվելու առումով եւ դրա մասին է եղել իր փաստաբանների հայտարարությունը։ <<Դեռեւս առիթներ կլինեն հանրությանը ներկայացնելու իմ պարզաբանումները 44-օրյա պատերազմի վերաբերյալ՝ ստեղծվելիք քննիչ հանձնաժողովների միջոցով, իհարկե, եթե ապահովվի վերջինիս աշխատանքի օբյեկտիվությունն ու անկողմնակալությունը>>,-եզրափակել է Տոնոյանը։

 

  • Կիսվել: