հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դավիթ Տոնոյանը և Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են տարածաշրջանային խաղաղությունը

Դավիթ Տոնոյանը և Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են տարածաշրջանային խաղաղությունը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին համաձայն են, որ տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի: Այս մասին այսօր համատեղ հայտարարության ընթացքում ասաց Ղարիբաշվիլին:

Նա նշեց, որ հայ պաշտոնակցի հետ քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի մասնակցությամբ բազմակողմ ձևաչափով փոխգործակցության հնարավորությունները։

«Մենք շատ հետաքրքիր և խորը հանդիպում ենք ունեցել Դավիթ Տոնոյանի հետ և քննարկել ենք տարբեր հարցեր երկկողմ և բազմակողմ համագործակցության ձևաչափի մասին: Կարծիքներ ենք փոխանակել տարածաշրջանային մարտահրավերների վերաբերյալ: Մենք նաև համաձայնել ենք առ այն, որ չկան այլընտրանքներ զարգացող բարիդրացիական հարաբերություններին, չկա այլընտրանք կոնֆլիկտների խաղաղ լուծմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը»,- նշեց Վրաստանի պաշտպանության նախարարը:

Նա նաև հավելեց, որ նախարարների, վարչապետների և նախագահների մակարդակով երկու երկրների միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են: Վրաստանի պաշտպանության նախարարը ընդգծեց, որ երկու երկրների միջև կա հարյուրամյակների բարիդրացիական հարաբերություններ և փոխադարձ հարգանք:

Ղարիբաշվիլին նաև տեղեկացրեց, որ հայ զինծառայողները կմասնակցեն ՆԱՏՕ–ի անդամ երկրների և գործըկներների Noble Partner 2020 բազմազգ զորավարժություններին, որոնք ծրագրվում է անցկացնել Վրաստանում: «Հույս ունեմ, որ հայկական կողմը կշարունակի նաև ապագայում  ակտիվորեն մասնակցել նմանատիպ զորավարժություններին»,- նշեց նախարարը:

Իր հերթին ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը նշեց, որ Հայաստանը և Վրաստանն անվտանգության, քաղաքական, տնտեսական, մշակութային և բազում այլ բնագավառներում կարևորագույն նշանակություն ունեն միմյանց համար, և պետք է շարունակաբար ընդլայնեն երկկողմանի համագործակցությունը։

Նա տեղեկացրեց, որ վրաց գործընկերոջ հետ հանդիպման արդյունքում ստորագրվել է ՀՀ-ի և Վրաստանի Պաշտպանության նախարարությունների 2020 թվականի ռազմական համագործակցության ծրագիրը, որը ներառում է ռազմական կրթության, զինծառայողների սոցիալական պաշտպանության, լեռնային պատրաստության ոլորտները:
 

«Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև մի շարք այլ ոլորտներում համագործակցությունն ընդլայնել: Ցանկանում եմ հավաստիացնել, որ ՀՀ-ն և Վրաստանը փոխադարձաբար ընկալում և հարգում են միմյանց ժողովրդավարական և արժեքային համակարգերը, ազգային անվտանգության ապահովմանն ուղղված լուծումները և ձգտում են իրենց ուրույն տեղն ունենալ ապագայում ավելի անվտանգ և բարեկեցիկ Հարավային Կովկասի կերտման գործում»,- նշեց Տոնոյանը:

 

 

  • Կիսվել: