հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դավիթ Տոնոյանն այցելել է հարավարևելյան զորամասեր

Դավիթ Տոնոյանն այցելել է հարավարևելյան զորամասեր

Հունիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է հանրապետության հարավարևելյան զորամասեր, հետևել ծառայության կազմակերպման ընթացքին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Մոնթե Մելքոնյանի հիշատակի օրը նախարար Տոնոյանն այցելել է ազգային հերոսի անունը կրող մարտական բարձրադիր հենակետ, ծանոթացել դիտարկման հնարավորություններին, զինանձնակազմի հերթապահության պայմաններին, ինչպես նաև պարգևատրել ծառայության ընթացքում աչքի ընկած դիրքապահներին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը այցի շրջանակում եղել է նաև այն զորամասերում, որտեղ շինարարական աշխատանքներ են իրականացվում, ստեղծվում են նոր ենթակառուցվածքներ, բարելավվում են զինծառայողների կենցաղային պայմանները, նորոգվում և կահավորվում են զորամասերի ուսումնական կետերը։

Պաշտպանության նախարարը շրջել է զորամասերից մեկի ճաշարանում, որտեղ վերջերս ներդրվել է սննդի մատուցման նոր տարբերակ։

Այցի ավարտին Դավիթ Տոնոյանը խորհրդակցություն է անցկացրել հրամանատարական կազմի հետ և տվել  համապատասխան հանձնարարականներ:

 

 

 

  • Կիսվել: