ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դավիթ Տոնոյանի հրամանով՝ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի երեք բաժանմունքներ անվանակոչվել են բուժծառայության նվիրյալների անուններով

Դավիթ Տոնոյանի հրամանով՝ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի երեք բաժանմունքներ անվանակոչվել են բուժծառայության նվիրյալների անուններով

Մայիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ն։

Դավիթ Տոնոյանը մասնակցել է հոսպիտալի ամբողջությամբ վերանորոգված և վերազինված բաժանմունքների բացման արարողությանը։ Բուժհաստատության վնասվածքաբանական, ուրոլոգիական և ընդհանուր վիրաբուժության բաժանմունքների հարկերը առողջական խնդիրներ ունեցող զինծառայողներին այսուհետև կընդունեն նոր պայմաններում, կսպասարկեն նոր կահավորված հիվանդասենյակներում ու վիրակապարաններում։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է վերաբացված բաժանմունքներում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, տեղադրված նոր սարքավորումներին ու օդափոխության համակարգերին։

Պաշտպանության նախարարի անմիջական հսկողությամբ իրականացված վերանորոգումն ու վերազինումը կատարվել է մեկ փուլով, ինչը հնարավորություն է տվել առանց ժամանակ կորցնելու անցնել բուժսպասարկման։

Պաշտպանության նախարարի հրամանով՝ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի երեք բաժանմունքներ անվանակոչվել են բուժծառայության նվիրյալների անուններով. վիրաբուժական բաժանմունքն այսուհետ կրելու է բ/ծ մայոր Սերգեյ Հարությունյանի, նյարդավիրաբուժական բաժանմունքը՝ բ/ծ կապիտան Կարո Հեբոյանի, անզգայացման բաժանմունքը` բ/ծ լեյտենանտ Տիգրան Հովեսյանի անունները։ Բուժծառայության հիշյալ սպաները զոհվել էին առաջադրանք կատարելիս, 2000 թվականի հունվարի 19-ին՝ ուղղաթիռի վթարից։

Շրջայցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեսակցել է վիրավոր զինծառայողներին, այնուհետև հոսպիտալում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ռազմաբժշկական ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարն անդրադարձել է զինված ուժերում COVID-19-ի դեմ տարվող պայքարին, զորքերում իրականացվող հակահամավարակային միջոցառումներին և առաջիկա ծրագրերին։ Քննարկվել են նաև ռազմաբժշկական ծառայության ապահովմանը և ընթացիկ աշխատանքներին վերաբերող հարցեր։

  • Կիսվել: