չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Չպետք է թույլ տանք, որ պատերազմը փոխանցվի մեր ժառանգներին. կամավորական

Չպետք է թույլ տանք, որ պատերազմը փոխանցվի մեր ժառանգներին. կամավորական

Այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ճեպազրույցին մասնակցում էր  ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող Միքայել Միքայելյանը, որն Արցախի դեմ ռազմական ագրեսիայի առաջին օրերից մեկնել է ռազմաճակատ, իսկ հիմա կարճ ժամանակով վերադարձել է տուն։

Միքայելյանը հանդես եկավ խոսքով. ՛՛Պատերազմը շատ դաժան է, բայց մեր բանակը կարողանում է փայլուն հաղթանակներ տանել։ Կամավորագրվել եմ նրա համար, որ, պատմաբան լինելով, շատ լավ գիտակցում եմ, թե ինչ է տեղի ունենում, երբ հայ ժողովուրդը դուրս չի գալիս թշնամու դեմ։ Ինչո՞ւ 1915 թվականին հայ ժողովուրդը ենթարկվեց ցեղասպանության. բոլորը հարցնում են: Պատճառը մեկն էր․ մենք չունեինք պետություն, չունեինք բանակ, չունեինք մարտական ոգի, և թուրքերը՝ Թալեաթ փաշայի գլխավորությամբ, իրականացրին Հայոց ցեղասպանությունը։

Եվ 100 տարի անց թուրք ահաբեկիչը կրկին ոտնձգություն է իրականացնում մեր Հայրենիքի նկատմամբ։ Բայց այօր մենք ունենք պետություն, բանակ, մարտական ոգի, հզոր Սփյուռք և դիմակայելու ենք թշնամուն։ Թույլ չենք տա, որ Թալեաթ փաշայի երազանքն իրականանա՝ մնա մեկ հայ, այն է՝լ թանգարանում՛՛:

Նա բոլորին կոչ արեց կամավորագրվել ու առաջնագիծ մեկնել՝ ավարտին հասցնելու համար պատերազմը, որը սկսել են մեր հայրերը։

Միքայելյանն ասաց. ՛՛Չպետք է թույլ տանք, որ պատերազմը փոխանցվի մեր ժառանգներին։ Կա՛մ մենք, կա՛մ նրանք։ Համոզված եմ, որ լինելու է մեր հաղթանակը՛՛,-ասաց նա և վստահեցրեց, որ առաջնագծում հայ զինվորը չունի ոչ մի խնդիր։ ՛՛Մենք չունենք զենքի, համազգեստի, ուտելիքի խնդիր։ Մենք ջախջախելու ենք թշնամուն հենց իրենց բնի մեջ՛՛,-ասաց Միքայել Միքայելյանը:

  • Կիսվել: