հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Չի կարող լինել մի իրավիճակ, որ ժամկետային զինծառայողը պայմանագրայինից բարձր հաշմանդամության նպաստ ստանա. փոխնախարարը՝ նախագծի մասին

Չի կարող լինել մի իրավիճակ, որ ժամկետային զինծառայողը պայմանագրայինից բարձր հաշմանդամության նպաստ ստանա. փոխնախարարը՝ նախագծի մասին

ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթին:

Մարտական գործողությունների հետևանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառված լինելու հիմքով սոցիալական աջակցության հավասար պայմաններ ապահովելու համար նույնացվում են աշխատանքային, զինվորական կենսաթոշակների, նպաստների իրավունք տվող պայմանները:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը տեղեկացրեց, որ նախագծում որոշակի փոփոխություններ են կատարվել:

«Ներկայումս ունենք դեպքեր, երբ ժամկետային զինծառայողի հաշմանդամության զինվորական նպաստը լինում է ավելի բարձր, քան, օրինակ՝ պայմանագրային սերժանտի դեպքում: Առաջարկում ենք, որ այն սահմանվի նվազագույն կենսաթոշակից ոչ պակաս չափով, այսինքն՝ ըստ կոչումների և կարգավիճակի, այդ հարցը լուծում ենք ըստ տրամաբանության: Այսինքն՝ չի կարող լինել մի իրավիճակ, որ ժամկետայինը պայմանագրայինից ավելի բարձր ստանա, շեմ ենք դրել, որ բոլորը դրանից բարձր լինեն: Մոտավորապես նույն փոփոխությունը կատարում ենք կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի չափի մասով»,- ասաց Խաչատրյանը:

  • Կիսվել: