շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Բարեկարգում պատերազմի ժամանա՞կ. ինչպես է ՊՆ-ն ծախսել «Հայաստան» հիմնադրամի փողերը

Բարեկարգում պատերազմի ժամանա՞կ. ինչպես է ՊՆ-ն ծախսել «Հայաստան» հիմնադրամի փողերը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ՀՀ կառավարությանը փոխանցված գումարների ճակատագիրը հանրության համար շարունակում է անհայտ մնալ. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ կառավարությանը փոխանցված գումարների վերաբերյալ «հստակ, մանրամասն ու թափանցիկ» հաշվետվություն տալու պահանջը մինչ այս պահը չի կատարվել, հաղորդում է Hraparak.am-ը:

Կայքի տրամադրության տակ են հայտնվել ֆինանսական փաստաթղթեր, որոնք հնարավորություն են տալիս պատկերացնել, թե ինչպես է կառավարությունը տնօրինել հիմնադրամից ստացված գումարները: Ըստ այդ փաստաթղթերի՝ ընդհանուր առմամբ, մոտ 85 մլրդ 858 մլն դրամ է ստացել կառավարությունը «Հայաստան» համահայկականից: Այս գումարից կառավարության տարբեր օղակներին արդեն հատկացվել է մոտ 70 մլրդ 81 մլն: 15 մլրդ 777 մլն մնացել է չծախսված: Նկատենք, որ նախագահ Արմեն Սարգսյանի նշած գումարն ավելի փոքր էր՝ 52,7 մլրդ:

 

Օրինակ, վարչապետի աշխատակազմն է ձեռքը մտցրել այդ փողերի մեջ: Հիմնադրամի փոխանցումից 1 մլրդ 485 մլն դրամ վարչապետի աշխատակազմը ստացել է փոստային ծառայությունների արդիականացման համար: Այս հատկացումը կատարվել է հոկտեմբերի 11-ին: Զարմանալի է, որ այդ օրերին վարչապետի աշխատակազմի համար փոստային առաքումների արդիականացումն է եղել ամենակարեւոր հարցը:

«Այլ ծախսեր» հոդվածով 139 մլն եւ 2,4 մլրդ դրամ տրվել է արտաքին գործերի նախարարությանը՝ օտարերկրյա պետություններում եւ միջազգային կառույցներում դիվանագիտական ծառայություն իրականացնող մարմինների գործունեության համար: Ենթադրվում է, որ պատերազմի օրերին պետք է քարոզչություն իրականացրած լինեն՝ հօգուտ հայկական դիրքորոշման, կամ նման աշխատանք։ Առաջին չափաբաժինը տրվել է ռուսական ռուբլով, ինչը նշանակում է, որ Մոսկվա կատարված այցերը եւս ֆինանսավորվել են հիմնադրամի միջոցներից: Ինչո՞ւ ԱԳՆ-ն նման գործունեության համար չի օգտվել 2020 թվականի բյուջեով իրեն հասանելիք գումարներից, այլ լրացուցիչ փող է վերցրել: ԱԳՆ-ից բացատրություն ստանալ չհաջողվեց:

 

Գումարի առյուծի բաժինը ստացել է պաշտպանության նախարարությունը, ինչը հասկանալի է: Պաշտպանական գերատեսչությանը սեպտեմբերի 30-ից մինչեւ հոկտեմբերի 28-ը ռազմական կարիքների համար մի քանի անգամ հատկացումներ են արվել՝ ստացել է 17 մլրդ 403 մլն, 1 մլրդ 476 մլն, 5 մլրդ եւ 2,3 մլրդ դրամի չափով:

Սակայն այս հարցում էլ ամեն ինչ հարթ չէ․ այդ գումարների ոչ ամբողջն է հատկացվել զենք-զինամթերք ձեռք բերելուն: Եթե հավատանք մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերին, պատերազմի թեժ պահին ՊՆ-ն «Հայաստան» հիմնադրամից գումարներ է ստացել «նախարարության շենքային պայմանների բարելավման», շենքերի եւ շինությունների բարեկարգման համար: Սրանք, ինչպես հայտնի է, այն հոդվածներն են, որոնք գործնականում չբացահայտվող յուրացումների մեծ հնարավորություն են տալիս: Շինարարական կարիքների համար մեկ ամսում նախարարությունը մի քանի անգամ է գումար ստացել՝ 14 մլրդ 636 մլն 270 հազար, 363 մլն եւ 19 մլրդ 308 մլն դրամ:

 

Բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն էլ, որի ղեկավարը վարչապետի սիրելի Հակոբ Արշակյանն է, կառավարությունից երեք անգամ գումար է ստացել՝ 2,5 մլրդ, 517 մլն 345 հազար եւ 166 մլն 372 հազար դրամ, որը փոխանցվել է հիմնադրամից: Որպես նպատակ՝ նշված է ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը: 966 մլն 125 հազար դրամ էլ տրվել է առողջապահության նախարարությանը՝ ռազմական դրությամբ պայմանավորված առողջապահական միջոցառումների համար:

 

Մանրամասները սկզբնաղբյուրում:

  • Կիսվել: