կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բանակում չկան ու չեն կարող լինել օրենքից վեր կանգնած մարդիկ. Սուրեն Պապիկյան

Բանակում չկան ու չեն կարող լինել օրենքից վեր կանգնած մարդիկ. Սուրեն Պապիկյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է եղել Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը:

Վերջինիս ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության ներկայացուցիչներ, ՀՀ բարձրագույն սպայակազմը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ:

Միջոցառման ընթացքում ելույթով հանդես է եկել նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Նախարարի խոսքով՝ բանակը բոլոր ժամանակներում պետության ինքնիշխանության և ժողովրդի անվտանգությունը երաշխավորող ինստիտուտներից է, ուստի շարունակում է մնալ պետականաշինության ուղղություններից կարևորագույնը:

Ըստ Պապիկյանի՝ բարձր գնահատելով շարքայինից մինչև գեներալ՝ մեր բանակի ամբողջ անձնակազմի անձնվեր ծառայությունը և հայրենիքի սահմաններն անխախտ պահելու նրանց ջանքերն ու ձեռքբերումները, արձանագրել են նաև բազում չլուծված խնդիրներ և բացթողումներ:

«Հայտնի խոսքը, թե կադրերն են որոշում ամեն ինչ, չի կորցրել իր արդիականությունը, որովհետև ժամանակակից տեխնոլոգիաների կատարելագործումն ու ռազմատեխնիկական առաջընթացը ոչ թե նվազեցնում, այլ հակառակը՝ էլ ավելի են կարևորում մարդկային գործոնը՝ տեխնոլոգիական նվաճումներին համապատասխան արհետավարժ, զարգացած, բանիմաց ու կիրթ զինվորական ձևավորելու անհրաժեշտությունը դարձնելով անշրջելի իրողություն:

Զինծառայողների ատեստավորման գործընթացի մեկնարկը այդ ճանապարհի ամենակարևոր քայլն է 2023 թվականի ընթացքում: Մենք սահմանեցինք զինծառայողների արհեստավարժության բարձր նշաձող՝ գաղափարի հիմքում դնելով և՛ ֆինանսական, և՛ ինքնակատարելագործման, և՛ բարոյահոգեբանական ենթատեքստ:

Վստահ ենք՝ սպաների կամավոր ատեստավորման գործընթացը բանակում կստեղծի այնպիսի մթնոլորտ և բարոյախոսություն, որը կմերժի միջակությունն ու կխրախուսի բարձր արհեստավարժությունը, ինչն էլ իր հերթին հետզհետե կընդլայնի ատեստավորման ծավալները:

Ատեստավորման համակարգի ներդրմամբ, որի ընթացքում ավելի կկատարելագործենք, քայլ առաջ արեցինք դեպի պրոֆեսիոնալ բանակ, ինչը մեր Կառավարության գերակա նպատակներից է»,- ասել է Պապիկյանը:

Ինչ վերաբերում է ռազմական բուհական կրթությանը՝ նշել է՝ ռազմական կրթօջախներ դիմորդների հոսքն ընդլայնելու և ապագա սպաների համար զինծառայությունն առավել գրավիչ դարձնելու համար սոցիալական փաթեթին ավելացվել է նորընծա սպաներին բնակարանով ապահովելու դրույթը:

Կադրային քաղաքականության կարևոր բաղադրիչներից է զորքերը պայմանագրային զինծառայողներով համալրելու նոր ինստիտուտը՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը:

Սուրեն Պապիկյանն իր խոսքում, խոսելով պահեստազորի մասին, կարևորել է 25-օրյա վարժական հավաքների գաղափարի իրագործումը, բանակում կանանց ներգրավման ուղղությամբ աշխատանքները, ընդգծել՝ դիրքերի կազմավորմանն ու կահավորմանը զուգահեռ՝ ամրաշինական, ինժեներական աննախադեպ և լայնածավալ աշխատանքներ են իրականացվել առաջնագծի և թիկունքային ապահովման՝ կարելի է ասել՝ բոլոր հատվածներում:

«Բանակում կանոնադրային հարաբերությունների ամրապնդումը, արատավոր բարքերի մերժումը հատկապես կանխարգելիչ աշխատանքների միջոցով եղել են մեր ամենօրյա գործունեության առաջնահերթությունների շարքում: Սա այն ուղղությունն է, որտեղ հնարավորություն չկա հաշվելու, թե զորքերի բարոյահոգեբանական ապահովումը, դաստիարակչական բացատրական աշխատանքը, զորամասերի ղեկավարության, տարբեր օղակների հրամկազմի, հոգեբանների, իրավապահ մարմինների համագործակցությունը քանի նոր սաղմնավորված հանցանք է կանխել, քանի ճակատագիր է փրկել: Փոխարենը, խիստ ակնառու և հնչեղ են ձախողումները, երբ բանակում, ոչ մարտական պայմաններում դժբախտ դեպքեր և պատահարներ են արձանագրվում»,- նշել է նախարարը՝ մեծապես կարևորելով զորքերում կատարված բոլոր խախտումներին համապատասխան իրավական գնահատական տալու պրակտիկան, հովանավորչության, անպատժելիության մթնոլորտի բացառումը և պատժի անխուսափելիության սկզբունքի ամրապնդումը, ինչը մեկ անգամ ևս կհավաստի, որ բանակում չկան ու չեն կարող լինել օրենքից վեր կանգնած մարդիկ:

Նախարարը, իր խոսքում անդրադառնալով ժամանակակից սպառազինության խնդիրներին, ընդգծել է՝ փորձը ցույց է տվել, որ առանց ժամանակակից սպառազինության անհնար է ունենալ ուժեղ և մարտունակ բանակ:

«Մեզ հաջողվել է ընդլայնել ռազմատեխնիակական համագործակցությունը՝ գտնելով նոր գործընկերների և սպառազինության դիվերսիֆիկացիայի ուղղությամբ կատարել շոշափելի քայլեր: Սա մեր անվտանգային ճարտարապետության դիվերսիֆիկացիան ամրապնդող ևս մեկ քայլ է, ինչը կօգնի Հայաստանի շուրջ ձևավորել ավելի հաստատուն և անվտանգային միջավայր»,- ընդգծել է ՀՀ պաշտպանության նախարարը:

  • Կիսվել: